Գյումրին տեխնոքաղաքի վերածելու ծրագիրն սկսված է: Նախագահ Սերժ Սարգսյանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի, Շիրակի մարզային ու Գյումրիի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, գյումրեցի պատգամավորների եւ կառավարության անդամների ուղեկցությամբ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մասնակցեց Գյումրիի առաջին տեխնոլոգիական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, շրջեց կենտրոնում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝700 մլն դրամ ներդրումից եւ վեց տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիի տեխնոպարկը վերջապես իր դռները բացեց ՏՏ ոլորտի ձեռնարկությունների առջեւ, իսկ հետագայում նման կենտրոններ կբացվեն նաեւ Վանաձորում եւ Ստեփանակերտում:

«Այսպիսով առաջին քայլն է արվում ամբողջ Հայաստանը Սիլիկոնային հովտի վերածելու ճանապարհին»- ասաց Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիի գիտահետազոտական կենտրոնում իրենց գործունեությունն են ծավալելու նաեւ միջազգային հեղինակավոր ընկերությունները: 

«Այստեղ արդեն գործում են որոշ ընկերություններ, իսկ ներկայում բանակցություններ են տարվում National Instruments, Clean Tech, Nokia եւ այլ միջազգային ընկերությունների հետ»,- ասաց Ենգիբարյանը:

Կենտրոնը տեղեկատվական եւ ինկուբացիոն ծառայություններ կմատուցի տարածաշրջանի սկսնակ ընկերություններին՝ խթանելով նրանց արտադրանքի արտահանումն այլ երկրներ:

2014թ. կենտրոնում նախատեսվում է կազմակերպել դասընթացներ տարբեր ուղղություններով՝ ճարտարագիտություն, մուլտիմեդիա, վեբ, մոբայլ, գործարար հմտություններ, մաքուր տեխնոլոգիաներ: Կենտրոնում նախատեսվում է 2014թ. ընթացքում պատրաստել մոտ 300 մասնագետ: ԳՏԿ-ում այժմ 60 աշխատատտեղ կա, որոնց թիվը մինչեւ տարեվերջ կավելանա:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, եւ Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն ունի շուրջ 6500 քմ ընդհանուր մակերես: Համալիրը ներառում է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների համար նախատեսված գրասենյակային տարածքներ, ուսուցման եւ գիտահետազոտական լաբորատորիաներ եւ կգործի որպես ինկուբացիոն կենտրոն ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկությունների համար:

Տեխնոպարկի գիտահետազոտական եւ կրթական ծրագրերի իրականացումն ապահովելու համար Գյումրիի տեխնոլոգիական զարգացման հիմնադրամին 2008թ. պետբյուջեից հատկացվել է 80 մլն դրամ, 2009թ. եւս 80 մլն դրամ, 2010թ.՝ 200 մլն դրամ, 2011թ.՝ 176 մլն դրամ, 2012թ.՝ 163 մլն դրամ: 2015-17թթ. ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով ԳՏԿ-ի համար նախատեսվում է տարեկան 100 մլն դրամի ֆինանսավորում: