Սեւանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր հայտարարեց, որ իր գլխավորած հանձնաժողովի եւ բնապահպանության նախարարության միջեւ տարաձայնություններ կան Սեւանից ձկնորսության արգելման շուրջ: Հանձնաժողովն առաջարկում է 3 տարով արգելել արդյունաբերական ձկնորսությունը, սակայն թույլատրել կարասի, խեցգետնի եւ ծածանի որսը: Բնապահպանության նախարարությունն առաջարկում է 3 տարով արգելել նաեւ այդ տեսակների որսը:

Ըստ Մովսիսյանի` խեցգետնի եւ կարասի որսը ձկնային պաշարների հետ կապ չունի: Օրինակ` խեցգետինը որսվում է առափնյա շրջաններում հատուկ ցանցերով, որոնք ձկների համար վտանգավոր չեն: Մովսիսյանի կարծիքով` դա նաեւ սոցիալական լուրջ նշանակություն ունի Գեղարքունիքի մարզի բնակիչների համար: Ինչ վերաբերում է ծածանին` հանձնաժողովն առաջարկում է դրանց որսը թույլատրել առանց նավերի, որը նույնպես վտանգավոր չի լինի ձկնային պաշարների համար:

Այն հարցին, թե արդյո՞ք ձկնորսության արգելումը լուրջ խնդիրներ չի առաջացնի առափնյա բնակիչների համար, Մովսիսյանն ասաց, որ Գեղարքունիքի մարզում 250 հազ. մարդ է բնակվում, որոնցից միայն 1200-ն են զբաղվում ձկնորսությամբ, ձկի վերամշակմամբ եւ առեւտրով: Ուստի սոցիալական լուրջ խնդիրներ չեն առաջանա, դրա փոխարեն 3 տարի հետո հնարավոր կլինի 20-30 անգամ ավելի շատ ձուկ որսալ: «Այս ամենը իրենց համար ենք անում, ոչ մեկ չի գնալու Սեւան ձուկ որսալու, էլի իրենք են լինելու»,- Գեղարքունիքի մարզի բնակիչների մտահոգությունները այս կերպ փարատեց Վլ. Մովսսիսյանը: