Ղազախստանի հայկական համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով զբաղվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը:

NEWS.am-ը գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ սեպտեմբերի 19-ին Արտյուշա Կարապետյանի կողմից լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդելու վերաբերյալ մամուլի հրապարակումները «ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության» կողմից ուղարկվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն: Վերջինը պետք է պարզի, թե հրապարակումներում նշված հանգամանքներն ինչքանով են համապատասխանում իրականությանը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովից հետո Արտյուշա Կարապետյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի թեւից մի քանի անգամ քաշքշել է, նրա ձեռքից խլել ձայնագրիչն ու շպրտել, ապա իր հետեւից քայլող ինչ-որ հաստավիզերի հրահանգել՝ «սրան ստեղից կորցրեք»: