Հայաստանում հայտնաբերված քարեդարյան գտածողները ցույց են տվել, թե ինչ նորարարներ են եղել մարդիկ 325 հազար տարի առաջ տեխնոլոգիական զարգացման տեսակետից: Այդ մասին գրում է «International Business Times»-ը:

«Science» ամսագրում հրապարակված հետազոտությունում ուսումնասիրվել են հազարավոր քարե պեղածոներ, որոնք հայտնաբերվել են Հայաստանում «Նոր Գեղի 1» հնագիտական պեղումների հատվածում: Տեղանքն առանձնանում է նրանով, որ պահպանվել է լավայի երկու հոսքերի միջեւ 200-400 հազար տարի առաջ:

Քոնեքթիքութ նահանգի համալսարանի հետազոտողների կողմից անցկացրած պեղածոների վերլուծությունը ցույց է տվել, որ մարդկության կողմից տեխնոլոգիական նորարարություններ իրականացվել են Հին Աշխարհում պարբերաբար, այլ ոչ թե մեկ աղբյուրից են փոխանցվել: Բացահայտումը հարված է հասցրել մարդկային տեխնոլոգիաների զարգացման տեսություններին, թե իբր այն տարածվել մարդկանց տեղափոխությունների արդյունքում: Փորձագետները կարծում էին, թե առաջադեմ տեխնոլոգիաները հայտնաբերվել են Աֆրիկայում, տարածվել են Եվրասիայում՝ փոխարինելով հին գործիքներին:

Գտնված գործիքները վկայում են բիֆասի տեխնոլոգիայի եւ Լեւուալի տեխնոլոգիայի միաժամանակյա կիրառության մասին, ինչը հետաքրքիր բացահայտում է. «Երկու տեխնոլոգիաների առկայությունը «Նոր գեղի 1»-ում առաջին հստակ վկայությունն է այն մասին, որ տեղի բնակչությունը Լեւուալի տեխնոլոգիան մշակել է բիֆասի առկա տեխնոլոգիայից»,- նշվում է հեղինակների եզրահանգման մեջ:

Հետազոտության ղեկավար հեղինակ Դենիել Ադլերը նշել է. «Այս տարբեր տեխնոլոգիաների համադրությունը հուշում է, որ մոտ 325 հազար տարի առաջ տեղացիները եղել են նորարարներ»: Նրա խոսքով՝ գտածոները վկայում են, որ Քարե դարի մարդիկ ճկուն են եղել տեխնոլոգիաների հարցում, ինչն ընդգծում է «նորարարություններին մարդկանց հակված լինելու վաղեմությունը»: