Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միություն մտնելու համաձայնագրի նախագծին: Կառավարության հոկտեմբերի 2-ի նիստում  նախագիծը ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Փաստաթղթի տեքստը 3 օրվա ընթացքում ստուգման կենթարկվի՝ թարգմանության ճշգրտության համար:

Մասնավորապես, կողմերը տուրքերը եւ մաքսային այլ վճարումները կկիսեն նախապես պայմանավորված համամասնությամբ. Հայաստանին բաժին կհասնի գանձումների 1,13%-ըմ Բելառուսին՝ 4,65%-ը, Ղազախստանին՝ 7,25%-ը, Ռուսաստանին՝ 86,97%-ը:

Հայաստանը լուծել է նաեւ մի շարք ապրանքների նախկին մաքսատուրքերը պահպանելու երկար քննարկվող հարցը: Երկրի տնտեսության համար կարեւոր եւ երրորդ երկրներից արտահանվող մի շարք ապրանքների դեպքում մի քանի տարի կգործի Հայաստանում սահմանված մաքսատուրքը:

Այդ ապրանքների համար մաքսատուրքերը կավելանան աստիճանաբար՝ 7 տարվա ընթացքում, միջինը  2-3, առանձին դեպքերում՝ մինչեւ 15 տոկոսով: Իսկ մինչեւ 2022թ. Հայաստանն ամբողջությամբ կանցնի ԵՏՄ-ի միասնական տուրքերին:

Մաքսատուրքերից ազատվել են միսը (տավարի միս, խոզի միս, թռչնամիս), կաթի փոշին, կարագը, եգիպտացորեն ու բրինձը, բուսական եւ կենդանական յուղը, բենզինը եւ մի շարք այլ նավթամթերքներ, դեղերը, ավտոմոբիլային տեխնիկան (թեթեւ մարդատար մեքենաներ, միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ, բեռնատարներ):