Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում տեղադրված՝ պատը ճեղքող լրագրողի արձանի նման գործեր աշխարհում շատ կան, սակայն լրագրողի այսպիսի արձան պատրաստելու գաղափարը հենց նրա հեղինակինն է եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց արձանի հեղինակ, ճարտարապետ Ալբերտ Սողիկյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված խոսակցություններին, թե ինքը արձանի գաղափարը պատճենել է ֆրանսիացի դերասան Ժան Մարեից:

«Չեմ թխել, ոչ մի տեղից չեմ ընտրել սա, ինքս մտածել եմ, բայց նման բաներ լիքը կան: Էնքան պատ կա ճեղքած, հո մենակ Ժան Մարե՞ն չի, պատը ճեղքելը արվեստ է: Էդ ասողները թող բերեն, եթե կրկնօրինակել ենք, ես ներողություն հայտնեմ Մարեին ու բոլորին: Չնայած նրան, որ կարող ենք նաեւ կրկնօրինակել, դա մեր իրավունքն է»,-ասաց Ալբերտ Սողիկյանը:

Ձեռքին լուսանկարչական ապարատ, պատը ճեղքող արձանը դժվար փորձություն  հաղթահարած լրագրողին է խորհրդանշում:

«Երբ լրագրողները դժվարանում են, նրանց դեմ պատ են դնում, իրենք այդ պատը հաղթահարում, հաղթանակած դուրս են գալիս: Այս պահին այս լրագրողը կարողացել է այդ պատը հաղթահարել ու ճշմարտության մասին խոսել»,-ասաց հեղինակը: 

Ալբերտ Սողիկյանը հերքեց համացանցում շրջանառվող այն կարծիքը, թե արձանում պատկերված լրագրողի նախատիպը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է:

«Շատ հարգելով իրեն, ներողություն խնդրելով իրենից, բայց իրեն չենք քանդակել, թող ների մեզ: Ուրիշ մարդ է, մեկն է, որը սրանով է զբաղվում ու չի վախենում: Սա այն իդեալն է, որն արժի, որ ժուրնալիստն ունենա՝ համարձակ լինի, անկախ լինի, պատը ճեղքի՝ հաղթանակած: Սա հավաքական կերպար է, բոլոր լրագրողներին է ընդգրկում, իհարկե, նաեւ Գագիկ Շամշյանին»,-ասաց հեղինակը: Նրա խոսքով՝ հաջորդ հնարավորության դեպքում ինքը կին լրագրողի արձան կքանդակի. «Կարող էինք կնոջ էլ քանդակել, բայց այդ ժամանակ ավյունը կշատանար: Բայց Աֆրոդիտե չի, Վեներա չի, մի քիչ դժվար է դա: Մյուս անգամ որ անեմ, կին եմ անելու, որ հանկարծ չասեն՝ ինչի տղամարդ: Բա տղամարդ ա, չէ՞, պիտի ճեղքի»:

Արձանը տեղադրված է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և հումանիստ  Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում՝ նրա թանգարանի հարեւանությամբ: Արձանի տեղի ընտրությունը, ինչպես պատմեց Ալբերտ Սողիկյանը, համընկել է այն դեպքի հետ, երբ լրագրողների օգնությամբ իրենք կարողացել են ճիշտ տեղեկատվություն տարածել եւ շինարարական աշխատանքների դեմ բողոքող քաղաքացիներին հավաստիացնել, որ տարածքում ոչ թե սրճարան, այլ եկեղեցի ու թանգարան է կառուցվում:

«Կանաչներ կային, եկել, բողոքում էին, ասում էին՝ այստեղ օբյեկտ եք սարքում: Մի  հատ սիրուն բոյով աղջիկ էր եկել՝ կտամ, կսպանեմ տարբերակով: Ասեցի՝ ինչ լավ ա՝ դու Օպերայի կառուցման ժամանակ չես ծնվել, էնտեղ մասնավոր տներ էին. էն ժամանակ որ լինեիր, Օպերան կարող էր չլիներ: Տխուր բան էր դա, իրենք իրենց ասածն ասեցին, հանգստացան, որոշ լրագրողներ էլ մեզ օգնեցին, որ սա ռեստորան չհամարեն»,-ասաց Ալբերտ Սողիկյանը՝ նշելով, որ արձանի վրա աշխատել են նաեւ քանդակագործներ Ֆրիդ Պետրոսյանը, Գուրգեն Հակոբյանը եւ Տիգրան Հովումյանը: