Սա աննախադեպ էսկալացիա է, որի հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝  անդրադառնալով վարժանքի պահին ղարաբաղյան ուղղաթիռը խոցելու դեպքին:

Նա նշեց, որ այս աննախադեպ էսկալացիան ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր ու նրանք անգամ չէին թողնում, որ օդաչուներին մոտենան: «Ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, որ իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել, անմիտ են, քանի որ ուղղաթիռի բեկորների մասերի ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ այն զինված չի եղել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է: