Միջազգային կազմակերպությունների միջոցով նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի վայրին մոտենալու եւ անձնակազմի ճակատագիրը պարզելու ջանքերն արդյունք չեն տվել, ուստի մենք պարտադրված էինք դիմել հատուկ գործողություների։ Այսօր՝ նոյեմբերի 22-ին, նման մեկնաբանություն է տարածել ՊՆ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ ԼՂՀ ՊԲ պատրաստած տեսանյութում հրապարակվել է մարմինների դուրսբերման ուղու գրաֆիկական պատկերը, եւ հատուկ գործողությունից այլ կադրեր։

«Ուզում եմ հիշեցնել, որ ուղղաթիռը խփվել է նոյեմբերի 12-ին եւ մինչեւ վերջին ժամանակներս մենք օգտագործելով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը, նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրներին դիմել էինք, որպեսզի թույլատրեն կործանված ուղղաթիռի տեղը զննելու եւ անձնակազմի ճակատագիրը պարզելու համար։ Ադրբեջանը բոլոր այդ կազմակերպություններին մերժել է, նաեւ չեն թույլատրել այնտեղ իրականացնել դիտարկումներ, ընդհակառակը, անընդհատ փորձել են կրակի տակ պահել այդ հատվածը եւ ինչու չէ, նաեւ քանի որ ուղղաթիռը շատ մոտ է եղել իրենց դիրքերից, տարհանել դիակներին։ Այս բոլոր միջոցառումները արդյունք չեն տվել, մենք պարտադրված ենք եղել դիմել հատուկ գործողությունների եւ ՊԲ-ի հատուկ ստորաբաժանումները դա իրականացրել են»,- ասվում է մեկնաբանությունում։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։

Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: