ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հերլեմ Դեզիրը հաստատել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հավատարմությունը:

Այդ մասին վկայում է այսօր՝ դեկտեմբերի 4-ին, պատվիրակությունների ղեկավարների կողմից տարածված հայտարարությունը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Պատվիրակությունների ղեկավարները կողմերին կոչ են անում զերծ մնալ բռնությունից, ակտիվորեն աշխատել ամուր կարգավորման ձեռքբերման ուղղությամբ: Նաեւ ափսոսանք է հայտնվում այս տարի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ շփման գծում բռնության էսկալացիայի շուրջ:

«Հուլիսին եւ օգոստոսին ծավալված ռազմական գործողությունները հանգեցրին շոշափելի մարդկային կորուստների, կողմերի միջեւ ուժեղացրին լարվածությունն ու անվստահությունը», - ասվում է հայտարարության մեջ: Միջնորդները կողմերին կոչ են անում լրացուցիչ քայլեր ձեռնարկել 1994թ. կնքված հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ խաղաղ բանակցությունների առաջխաղացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: 

Միջնորդները նաեւ արծարծել են ղարաբաղյան ուղղաթիռի հետ կապված միջադեպը: Նրանց խոսքով՝ ուղղաթիռի ոչնչացումը ողբերգություն է, ինչից կարելի էր խուսափել: «Այդ ողբերգությունը կրկին ընդգծեց այն բանի կարեւորությունը, որ կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն լարվածությունը նվազեցնելու, վստահությունը վերականգնելու եւ ապագայում նմանատիպ միջադեպերից խուսափելու համար»: «Մենք կողմերին կոչ ենք անում լուծել հումանիտար խնդիրները 2010թ. հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից Աստրախանում արված հայտարարության ոգով»:

Միջնորդներն ընդգծում են, որ Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում կայացած նախագահների երեք հանդիպումները կողմերի միջեւ ակտիվացրել են կապի առավել կարեւոր ուղիները:

«Մենք ողջունում ենք հաջորդ տարի երկխոսությունն ակտիվացնելու նախագահների՝ Փարիզում հնչեցրած որոշումը: Ժամանակն է հաղթահարել տարաձայնությունները, վերականգնել վստահությունը եւ իրականացնել ստանձնած պարտավորությունները, որոնք եւ կարող են հանգեցնել կարգավորմանը: Ակնկալվում է, որ կողմերը կճանաչեն, որ համապարփակ կարգավորման հիմքը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում շարադրված տարրերն ու սկզբունքներն են, հատկապես նրանք, որոնք քննարկվել են Փարիզում կայացած վերջին հանդիպման ժամանակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու տակ համընդգրկուն խաղաղ համաձայնության շուրջ բանակցությունները պետք հնարավորինս շուտ սկսվեն», - նշվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունները ղեկավարները պատրաստակամություն են հայտնում սերտորեն համագործակցել կողմերի հետ երկարաժամկետ կարգավորման ձեռքբերման եւ խաղաղության նոր էջ բացելու նպատակով: Սակայն միջնորդները կրկնել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատվությունն ընկած է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների վրա: