ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպը երկու կողմերի համար ողբերգություն է համարում, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

«Մենք փորձում ենք կանխել նման միջադեպերը եւ պահպանել երկխոսությունը: Պարբերաբար տեղի են ունենում լարվածություն ստեղծող իրադարձություններ, եւ դրանք հարվածում են բանակցային գործընթացին: Մենք կոչ ենք անում երկու կողմերին ավելի զուսպ լինել եւ ուշադրությունն ուղղել կարգավորման գործընթացին», - հայտարարել է Ուորլիքը:

Ի պատասխան հարցին՝ մոտ ժամանակներս տեղի կունենա՞, արդյոք, երկու նախագահների միջեւ հանդիպում, դիվանագետն ասել է, որ այդ հաշվով տեղեկություններ չունի. «Սակայն այդպիսի հանդիպումը հնարավոր է: Մենք այդ ուղղությամբ բանակցություններ կվարենք: Եթե նախագահները հանդիպման վերաբերյալ որոշում ընդունեն, ապա մենք պատրաստ ենք աջակցել նրանց այդ հարցում»:

Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների դատի մասին հարցին հետեւել է Ուորլիքի հետեւյալ պատասխանը. «Այդ հարցի շուրջ ես մեկնաբանություն չունեմ: Դրանով զբաղվում է  Կարմիր խաչի կոմիտեն: Մենք պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը»: