ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր երգչուհի Շուշան Պետրոսյանին, որն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կողմ էր քվեարկել Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին, խորհրդարանի առջեւ բողոքի ակցիօա անցկացնող ակտիվիստները դիմավորեցին «ամոթ», «պուտինկա» վանկարկումներով։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երգչուհին անհաղորդ էր իր հասցեին հնչող վիրավորանքներին, նա մոտ 10 րոպե ԱԺ մուտքի մոտ կանգնած լուռ սպասում էր մեքենային, իսկ ակտիվիստների վանկարկումներին արձագանքում էր միայն ժպիտով։

Մեր թղթակցի հարցին՝ արդյոք պայմանագրին կողմ քվեարկելով չի հիասթափեցրել ընտրողներին, Շուշան Պետրոսյանը կարճ պատասխանեց. «Ես ժամը վեցից հետո չեմ աշխատում»։

Նշենք, որ մինչ երգչուհին կանգնած մեքենային էր սպասում, ակտիվիստները ծաղրանքով երգում էին «Երազ իմ երկիր, Ռուսաստան»։

Նշենք, որ այսօր ԱԺ-ն 103 «կողմ, 7 «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայներով վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: