Դրամի թուլացումը ունի բավականին շատ բացասական հետեւանքներ, բայց նաեւ դրական: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հանրապետական պատգամավոր, «Եվրոստան ույուտի» սեփականատեր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով ֆինանսական շուկայում ստեղծված վիճակին:

Նա նշել է, թե իր վրա էլ է բացասաբար ազդել դոլարի փոխարժեքի բարձրացումը, ինչպես շատերի:

«Դրամի թուլացումը ունի բավականին շատ բացասական հետեւանքներ, բայց նաեւ դրական, օրինակ դրականը խթանում է էքսպորտը»: Բադեյանը հավաստիացրել է, թե դեռ չի հաշվարկել կորուստները: «Դեռ չեմ հաշվարկել հետեւանքները»,- ասել է նա:

Ըստ տարածված տեղեկությունների այս օրերին ծանր վիճակում հայտնված գործարարները պատրաստվում են հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին` քննարկելու ստեղծված իրավիճակը: Բադեյանն ասել է, թե այս մասին չի լսել. «Չեմ լսել նման բան, բայց ես քաջ գիտակցում եմ, որ դրամի կուրսը կառավարության որոշումներով չի որ փոխվում է: Որոշումներով չի լուծվում կուրսը, այն որոշվում է շուկայում, եթե մեր երկրում քիչ դոլար կա, հետեւաբար նրա արժեքը բարձրանում է, կառավարությունն ով ուզում է լինի, շուկան է որոշում դրամի կուրսը»:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ֆինանսական շուկայի այս փոփոխությամբ պայմանավորված գնաճը կհանգեցնի համաժողովրդական բողոքի ալիքի, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում , որ էդ շարժումը համաժողովրդական է, համաժողովրդականը ընտրություններն են, իսկ այդ ընտրությունների ժամանակ իշխանությունները ընտրվել են, եթե դուք արդեն երեք հոգու կարծիք համարում եք համաժողովրդական, ուրեմն իրանցից հարցրեք»:

Հանրապետական պատգամավորը, ով ընտրվել է մեծամասնական ընտրակարգով` անդրադառնալով ընդդիմադիրների բացարձակ համամասնական ընտրակարգին անցնելու պահանջին, վստահեցրել է, թե դա ոչ մի էական ազդեցություն չի ունենա. «Որեւէ կերպ դա չի ազդի խախտումներ լինելու-չլինելու վրա»: Նա հավաստիացրել է, թե այդ դեպքում ինքը նույնքան քվեներ կարող է ապահովել կուսակցության օգտին, որքան իր թեկնածության դեպքում: