«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին զարմացնում է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության 1500 էջանոց պայմանագիրը քննարկվեց ընդամենը մի քանի օր, այն էլ Ազգային ժողովում միայն:

«Պայմանագիրը վավերացվեց` առանց քննարկումների, դեբատների: Ինքս կարծում եմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում պետք է լինեին տնտեսական դեբատներ: Ոչ ոք հաշվի չի առնում, որ ԵՏՄ-ի սյունը` Ռուսաստանի Դաշնությունը, գտնվում է տնտեսապես ծանր վիճակում»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անուշ Սեդրակյանը:

Կուսակցության փոխնախագահը համոզված է, որ այս միությունը չի լուծում Հայաստանի անվտանգության հարցը:

«Մեր ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ անվտանգության հարց չի լուծվում: Մենք հիմա գտնվում ենք ֆիկտիվ միությունում, այս կառույցն ուղղակի գոյություն չունի»,- ավելացրեց նա:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»:

Նշենք, որ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին վավերացրել է Հայաստանի ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը: Պատգամավորներից 103-ը կողմ է քվեարկել, 7-ը` դեմ, 1-ը` ձեռնպահ: