Հայաստանի Հանրապետության բյուջեում գումար չկա «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը ամբողջությամբ վճարելու համար: Այս մասին այսօր՝դեկտեմբերի 13-ին, կառավարությունում նաիրիտցիների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Դուք լրիվ բարոյական իրավունք ունեք ձեր աշխատավարձը պահանջելու, բայց ոչ վարչապետից եւ էներգետիկայի նախարարից, քանի որ բյուջեում նման գումար նախատեսված չէ: Դուք ունեք տնօրենների խորհուրդ, որը պատասխանատու է աշխատավարձերի համար, իսկ կառավարությունը ուզում է աջակցել ձեզ: Նախորդ հանդիպմանն էլ ես ասացի, որ կառավարությունը պատրաստ է ես մեկ ասվա լրացուցիչ աշխատավարձ վճարել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Անրադառնալով գործարանում զանգվածային կրճատումների խնդրին, վարչապետն ասաց, որի իրենք չեն ցանկանում, որ մարդիկ գործազուրկ դառնան, այդ պատճառով մասնագետներ են հրավիրել Համաշխարհային բանկից, որպեսզի նրանք եզրակացություն տան, թե ինչպես  են տեսնում գործարանի ապագան:

«Արդեն փետրվար-մարտին մենք այդ պատասխանը կունենանք՝ հնարավոր է արդյոք վերագործարկել գործարանը: Եթե կան առաջարկներ կառավարությունը պատրաստ է իր կողմից անել ինչ հնարավոր է»,-ասաց վարչապետը:

Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, որը նույնպես մասնակցում է հանդիպմանը, նշեց, որ իրենք նախապես պայմանավորվել էին նաիրիտցիների հետ մինչեւ դեկտեմբերի 20-ը վճարել եւս մեկ ամսվա աշխատավարձ, սակայն նաիրտիցիների խնդրանքով, գումարը կտան մինչեւ դեկտեմբերի 15-ը: Եւս մեկ ամսվա աշխատավարձ էլ նաիրիտցիները կստանան մինչեւ տարվա վերջ:

Հանդիպմանը մասնակցող «Նաիրիտի» աշխատակից Գայանե Հարությունյանը միջամտեց՝ ասելով, որ նախարարը խոստացել էր ոչ թե մեկ ամսվա աշխատավարձը. այլ ամբողջ պարտքը վճարել: Նախարարի եւ կնոջ միջեւ վիճաբանություն սկսվեց, լրագրողներին դուրս հրավիրեցին քննարկման սրահից:

Այս պահին կառավարության դրսում հավաքված հարյուրավոր նաիրիտցիները սպասում են հանդիպման ավարտին եւ արդյունքներին: Նրանք պնդում են, որ վճռական են տրամադրված:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք օրեր շարունակ հավաքվել են Կառավարության մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: