Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) գրասենյակի բացումը  Հայաստանում հնարավորություն կտա արդեն իսկ կայացած հայ իրավագետներին սկսել համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ասաց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգայդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (ֆոտոռեպորտաժ

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Հայաստանն իր անկախության առաջին տարիներից մեծ ջանքեր է ներդրել եվրոպական իրավահամակարգ ինտեգրվելու համար, եւ այսօր այդ ինտեգրացիոն գործընթացները հանգեցրել են նրան, որ հայ իրավագետները դարձել են եվրոպական իրավական հանրույթի լիիրավ անդամներ։

«Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը միջազգային մասնագիտացած լրջագույն կազմակերպություն է, որի անդամ են մի շարք պետություններ, համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի տասնյակ համալսարաններ եւ մի շարք այլ ակադեմիական հաստատություններ։ Պրոֆեսոր Ֆլոգայդիսի եւ ՀԻԵԿ-ի երկարատեւ աշխատանքի արդյունքում կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանում բացվում է տարածաշրջանի միակ եւ առաջին մասնաճյուղը»,-ասաց Գրիգոր Մինասյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ հայաստանյան մասնաճյուղի բացումը երիտասարդ իրավաբաններին, Հայաստանի բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին, ասպիրանտներին հնարավորություն կտա վերապատրաստվել առաջատար համալսարաններում, մասնակցել եվրոպական եւ ոչ միայն եվրոպական  առաջատար համաժողովների, նաեւ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդ գիտնականներին իրենց գիտական հոդվածները տպագրել բարձրագույն որակավորում ունեցող միջազգային հանդեսներում. «Հայաստանի օրենսդրության զարգացման ճանապարհին հատկապես կարեւոր է օգտվել այս հեղինակավոր միջազգային կազմակերպության այն ռեսուրսից, որի մասնագիտական ցանցում են ներգրավված համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան-գիտնականներ։ Երեւանյան մասնաճյուղի բացումը, մեր խորին համոզմամբ, կավելացնի այս եվրոպական կառույցի թե որակական, թե քանակական ներկայությունը Հայաստանում եւ նրա պետական կառավարման համակարգում»։ 

Իր հերթին Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգայդիսը կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանը վավերացրել է  Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ստեղծման պայմանագիրը։ «Այսօր մենք բացում ենք ՀԻԵԿ-ի մասնաճյուղը Հայաստանում, որն իր գործունեությամբ եւ ծավալով մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։  Մենք պատրաստ ենք ընդլայնելու մեր ներկայությունն ու համագործակցությունը»,- ասաց Սպիրիդոն Ֆլոգայդիսը՝ ընդգծելով հայ-հունական դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը։

Սպիրիդոն Ֆլոգայդիսը նաեւ տեղեկացրեց, որ ՀԻԵԿ-ն իր նպատակներում ներառում է կրթություն, հետազոտություն, ուսուցում եւ հաստատությունների զարգացում. «Մենք պատրաստակամ ենք Հայաստանի մասնաճյուղի միջոցով զարգացնել այդ բոլոր ուղղությունները եւ կաջակցենք բոլոր նախաձեռնություններում»։  Նա նաեւ վստահություն հայտնեց, որ Հայաստանի մասնաճյուղը շատ արագ է զարգանալու, քանի որ գտնվում է շատ փորձառու ձեռքերում։

ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007թ. Հունաստանում եւ արագորեն ընդլայնվել է։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ եւ Հանրային մարմիններ, ինչպես նաեւ 64 համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։ Ունենալով իր գլխամասն Աթենքում՝ ՀԻԵԿ-ն ունի 14 գրասենյակներ ամբողջ աշխարհում։

Մինչ այսօր ՀԻԵԿ-ը զարգացրել, կազմակերպել եւ աջակցել է շուրջ  200 կրթական, հետազոտական, վերապատրաստման, ինստիտուտների ստեղծման եւ այլ ծրագրեր ավելի քան 70 երկրներում։