Ղարաբաղա-ադրբեջանական չեզոք գոտում նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի համար մեր կողմից խոստացված անհամաչափ պատասխանը եղել է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ խոցված ուղղաթիռի համար անհամաչափ պատասխան է տրվելու:

«Անհամաչափ պատասխանները շատ դեպքերում իրենց մեջ պարունակում են ռազմական գաղտնիություն: Բոլոր դեպքերը չի, որ մենք կարող ենք հասցնել հասարակությանը: Այդ  անհամաչափ պատասխանը եղել է, որոշ բաներ էլ հասարակությանը ասվել է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ինքնաթիռի  հարցով ծառայողական քննությունն ավարտվել է, հարուցված քրեական գործով ԼՂՀ բանակի ղեկավարությունը եւ իրավապահ մարմիններն աշխատում են:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները, որոնք նոյեմբերի 25-ին զինվորական կարգով հողին հանձնվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: