2011թ. հիմնված Հայաստանի պարկուրի ֆեդերացիայում կա 30 սան, որոնցից 5-ը աղջիկներ են: Նրանք սովորում են  ընկնելուց հետո կանգնելու, խնդիրները ռացիոնալ հաղթահարելու արվեստը՝ օգտագործելով միայն մարմինն ու շրջապատը:

Ֆեդերացիայի նախագահ Նարեկ Ավոյանի խոսքով՝ Հայաստանում պարկուրով զբաղվողների թիվը տարեցտարի մեծանում է.

«Պարկուրն ընտրում են տղաները, որովհետեւ սա մի քիչ ավելի փողոցային կոպիտ շարժման արվեստ է, աղջիկները հետաքրքրվում են, բայց քիչ են զբաղվում: Կան ծնողներ, որ իրենց երեխաների հետ են գալիս պարապելու»,- նշեց Նարեկ Ավոյանը:

Նարեկը հնարքներ կատարել սովորել է փողոցում, ինքնուրույն, բայց սկսնակներին խորհուրդ է տալիս թռիչքները, հնարքները դրսում փորձելուց առաջ աշխատել մարզադահլիճում:

«10-12 տարի զբաղվում եմ սրանով, ավելի պրոֆեսիոնալ՝ 8-9 տարի: Մի օրում սովորել չի կարելի, մենք շատ փորձությունների միջով ենք անցել:  Իմ ոտքը 3 անգամ վիրահատված է, դա իմ սխալ մարզումների հետեւանքն է, քանի որ ես չեմ ունեցել մարզիչ: Ամենավատն այն է, որ բոլոր հնարնքները դրսում եմ սովորել, այգիներում, խոտերի մեջ՝ ընկնել ջարդվելով»,- պատմեց թրեյսերը:

Նարեկը վստահեցնում է, որ պարկուրով զբաղվելու համար անհրաժեշտ է միայն վախը հաղթահարել.«Եթե վախը չհաղթահարես, ոչինչ չի ստացվի: Պարկուրով զբաղվելու համար կարեւոր նախապայման  է կամքի ուժը: Պարկուրի մեջ չկան սահմաններ, կան միայն խոչընդոտներ»:

Թրեյսերը երիտասարդներին խորհուրդ տվեց համակարգչից կտրվել եւ պարկուրով զբաղվել. այն օգնում է բացասական էներգիայից ազատվել:

«Ես իմ ամենադժվար հնարքները բարկացած ժամանակ  եմ անում, վատ լիքցերը դուրս են գալիս, հոգեւոր հանգիստ եմ գտնում, սա է ամենակարեւորը: Այն մարդը, որն ուզում է հեշտ ճանապարհով գնալ, սա իր տեղը չէ»,- ասաց Պարկուրի ֆեդերացիայի նախագահը:

Նարեկի խոսքով՝ 2014թ ֆեդերեցիայի համար հաջող տարի է եղել, 2015թ. ինքը պատրաստվում է Գինեսի ռեկորդ սահմանել:

«Այս տարի կազմակերպեցինք պարկուրի եւ ֆրի ռանինգի ֆեստիվալը: Այս տարի սահմանեցի «Դյուցազնագրքի» երկու ռեկորդ: Պատրաստվում եմ ԱՄՆ-ում Գինեսի ռեկորդ սահմանել. կլինի 10 մետր բարձրություն, 9 մետր երկարություն, մի շենքից մյուսը թռչել ստրախովկաներով: Դա շատ վտանգավոր է եւ համաշխարհային ռեկորդը 9 մետր է:  Իմ չափը 7 մետր է, բայց առանց ստրախովկայի»,- հետագա անելիքների մասին պատմեց Նարեկ Ավոյանը:

Պարկուրը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Այն ներառում է վազք, մագլցում, թռիչք: Այն հիմնադրել է Դևիդ Բելը 1980-ականներին Ֆրանսիայում։

Դիտեք Հայաստանի Պարկուրի ֆեդերացիայի սաների պարապմունքը տեսանյութում: