NEWS.am-ի տեղեկություններով՝ Գյումրիի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովին հաջողվել է հայտնաբերել: Մեր աղբյուրների փոխանցմամբ նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Սահմանապահներին հաջողվել է բռնել նրան, այս պահին նա սահմանապահների մոտ է գտնվում:

NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ սահմանապահների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովին բռնել են: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ: