Հունվարի 12-ին Գյումրիում մեկ ընտանիքի վեց անդամներին սպանելու համար կասկածվող, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովն այս պահին ռուսական ռազմաբազայում է: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

«Քանի որ իրեն բռնել են ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանը հատելու փորձ անելիս, նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ռազմաբազայում են են նաեւ հայ իրավապահները, Հատուկ քննչական ծառայության հատուկ օպերատիվ քննչական խումբը:

Հարցին՝ կհանձնեն արդյոք կասկածյալին հայկական կողմին, թե ոչ, Ասլանյանը պատասխանեց, որ առայժմ որեւէ հստակ բան ասել չի կարող:

«Այս պահին տարվում են աշխատանքներ հետագա քայլերը որոշելու համար »,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Գյումրիի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովին հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:

Հիշեցնենք որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ: