Գյումրիում դաժան սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը, քրիստոնեական «Հույս, հավատ, սեր» եկեղեցու հովիվ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Փրկությունը Հիսուսի մեջ է» քրիստոնեական եկեղեցուց, որի դուստր եկեղեցին է «Հույս, հավատ, սեր»-ը:

Կազմակերպության ղեկավար, հովիվ Անդրեյ Սուբոտինը հաստատել է, որ Պերմյակով-ավագը իրենց եկեղեցու հետեւորդ է, սակայն նշել է, որ առանց Պերմյակովի համաձայնության չի կարող ասել՝ Վալերի Պերմյակովը պատկանում էր տվյալ եկեղեցուն, թե ոչ:

Միաժամանակ, «Հույս, հավատ, սեր» եկեղեցու կայքում զետեղված լուսանկարներում կան դրա անդամների լուսանկարները, այդ թվում՝ Վալերի Պերմյակովինը:

Նույն կայքում զետեղված տեղեկություններից հայտնի է դառնում, որ Պավել Պերմյակովի կինը՝ Մարիա Պերմյակովան եւս «Հույս, հավատ, սեր» եկեղեցու հովիվ է:

Վալերի Պերմյակովի հարազատներից որեւէ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց, Բալեյ քաղաքի նրանց տան հեռախոսահամարն անընդհատ զբաղված է:

Lifenews-ի հետ զրույցում Պերմյակով-ավագը պատմել է, որ Վալերին ընտանիքի ամենասիրված երեխան էր, քանի որ ամենակրտսերն էր եւ ամբողջ ուշադրությունը նրան էր բաժին հասնում:

«Մեր ընտանիքում կա վեց երեխա, եւ Վալերին մեր ամենափոքրն է: Նա ընտանիքի ամենասիրելի երեխան էր՝ քնքուշ, շփվող եւ սիրառատ, մենք նույնիսկ մտածում էինք նրա մասին, ասում, որ նա այդպես էլ ողջ կյանքում կապրի մոր ծնկներին, հարց էինք տալիս, թե նա ինչպես է ծառայելու բանակում»,- պատմել է Պավել Պերմյակովը:

Ըստ հոր՝ արդեն զորամասում որդին իրեն լավ է դրսեւորել եւ արտահերթ զինվորական կոչում եւ  խրախուսում ստացել հրամանատարությունից: 

Վալերի Պերմյակովի ծնողները չեն հավատում կատարվածին: Ըստ նրանց՝ իրենց որդին կամավոր զորամասը լքելու, այնտեղից զենք վերցնելու եւ մարդկանց սպանելու ոչ մի պատճառ չի ունեցել: Պավել Պերմյակովը պնդում է, որ դժբախտ սերը նույնպես չէր կարող որդուն հանցագործության դրդել, քանի որ Վալերին մշտական ընկերուհի չի ունեցել: