Գյումրեցի ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով այսօր՝ հունվարի 14-ին, Գյումրիում ընթացող ակցիայի պատճառով լարվածությունը քաղաքում գնալով մեծանում է: Հազարավոր գյումրեցիներ եւ Երեւանից ժամանած ակտիվիստներ, որոնք ավտոերթով նախ գնացել էին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենք, ապա մարզպետարան, այժմ դատախազության մոտից երթով շարժվում են դեպի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:

Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը փորձեց համոզել նրանց չանել դա, սակայն, տեսնելով, որ ակցիայի մասնակիցները չեն ենթարկվում, հրահանգեց փակել դեպի ռազմաբազ տանող ճանապարհը: Ոստիկաններն այժմ փակել են Հաղթանակի պողոտան, ակցիայի մասնակիցները չեն կարողանում առաջ շարժվել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիան գնալով ավելի բազմամարդ է դառնում, մասնակիցների թիվը հասնում է հազարների:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: