Մթնոլորտը կտրուկ թեժացել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ։

Գյումրեցի ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով ակցիայի հազարավոր մասնակիցները փորձում էին մոտենալ ռազմաբազային՝ ճեղքելով ոստիկանական շղթան, ինչից հետո հրմշտոց սկսվեց ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրմշտոցի ժամանակ ակցիայի մասնակիցներից մի քանիսն ուշաթափվել են, հրել են, ոչ միայն մասնակիցներին, այլ նաեւ լրագրողներին։ Ակցիայի մասնակիցների մի մասին հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան եւ մոտենալ ռազմաբազային։

Ակցիայի մասնակիցների մի մասը ընդհուպ մոտեցել է ռազմաբազայի հսկիչ-անցագրային կետին, որտեղ շղթա են կազմել վահաններով եւ մահակներով զինված ոստիկանները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: