Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով այսօր՝ հունվարի 15-ին,  մի քանի տասնյակ քաղաքացիների  ակցիան Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ անցնում է լարված մթնոլորտում։ (ֆոտոռեպորտաժ)

News.am- ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցների մի մասը կանգնել է ՌԴ դեսպանատան մոտ, մյուս մասը՝ դիմացի մայթին։ Դեսպանատան մոտ գտնվող մեծ թվով  շղթա կազմած ոստիկանները փորձում են հեռացնել ակցիայի մասնակիցներին դեսպանատան մոտից, նրանց միջեւ հրմշտոց է սկսվել։ Ակցիային մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Մենք ենք տերը մեր երկրի» եւ սուլում են։

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ակցիայի մասնակիցներին հայտարարեց, որ օրենքով չի թույլատրվում այդքան մոտ կանգնել դեսպանատանը։

Ակցիայի մի քանի անդամներ փորձեցին վառել ՌԴ դրոշը, սակայն մյուսները թույլ չտվեցին՝ ասելով, որ դա վայրագություն է։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Նա գտնվում է ռուսական ռազմակայանում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am