Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 17:00-ից Գյումրիի դատախազության առջեւ հավաքված հազարավոր ցուցարաները մոտ երկուսուկես ժամվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ պարբերաբար բանակցելուց հետո, որոշեցին շարժվել դեպի Գյումրիում ՌԴ հյուպատոսարան, ակցիայի մասնակիցների մի մասը սակայն շարունակում է մնալ դատախազության շենքի մոտ: (ֆոտոռեպորտաժ)

Նրանց հանդարտեցնելու փորձ է այժմ անում Գյումրիից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը փորձում է հավաքվածներին համոզել, որ ցրվեն:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հյուպատոսարանի մոտ չափազանց լարված իրավիճակ է: Շենքը պաշտպանում է վահաններով զինված ոստիկանական շղթան: Ցուցարարները պահանջում են բացել ճանապարհը եւ իրենց թույլատրել մոտենալ հյուպատոսարանի շենքին, գյումրեցիները ճանապարհին քարեր են հավաքել, որոնք նետում են ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները դիմադրում են, հետ մղում ցուցարարների առաջխաղացումը։

Ոստիկանությունը բարձրախոսներով զգուշացրել է, թե ցուցարարների գործողություններն անօրինական են եւ պահանջել է ցրվել: Լսվում են նաեւ լուսածխային նռնակների պայթյունների ձայներ:

Հենց նոր բերման ենթարկվեց ակցիայի մասնակիցներից մեկը, որը փորձում էր ճեղքել ոստիկանական շղթան: Քիչ առաջ ոստիկանական նոր ուժեր ժամանեցին հյուպատոսարանի տարածք։