Գյումրիում երեկ՝ հունվարի 15-ին, տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանություն է տարվել 21 անձ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Նրանց փոխանցմամբ՝ 19-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Բոլորը բաց են թողնվել:

Նշենք, որ Երեւանում երեկ՝ հունվարի 15-ի երեկոյան, Ազատության հրապարակից եւ հարակից տարածքից ոստիկանական բաժիններ է տարվել 38 հոգի: Ոստիկանությունից հայտնեցին, որ Երեւանում գտնվող ՌԴ դեսապանատան մոտից բերման ենթարկված 3 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Իսկ երեկոյան բերման ենթարկվածներից միայն մեկի նկատմամբ է կազմվել վարչական իրավախախտման մասին արձանագրություն, երկու անձի մոտ՝ Կարո Եղնուկյան եւ Գագիկ Սարուխանյան, հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն: Երեկոյան բերման ենթարկված մյուս անձինք բաց են թողնվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Գյումրիում դատախազության մոտ ակցիայից հետո ցուցարարներն ուղեւորվել էին հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ բախումներ էին եղել, ոստիկանները լուսածխային նռնակներ են կիրառել՝ բազմությանը ցրելու համար: Մարմնական վնասվածքներ էին ստացել 15 մարդ, որոնցից  6-ը ոստիկաններ եւ 9 քաղաքացիներ: