Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զոհված հայ զինծառայող 33-ամյա Նահապետ Ասատրյանն Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Քաջիկ Զաքարյանը հայտնեց, որ Նահապետն ամուսնացած էր, 3 երեխա ուներ:

«Երեխաները շատ փոքր են, մեծը նախակրթարանում է սովորում, իսկ ամենափոքրն էլ՝ աղջիկը, երկու ամիս առաջ է ծնվել: Այս պահին էլ երեխան հիվանդանոցում է, առողջական խնդիրներ ունի: Նահապետի ընտանիքը մեզ մոտ է ապրում»,- ասաց գյուղապետը:

Նա հայտնեց, որ Նահապետը երկար տարիներ է, ինչ ծառայում է բանակում:

Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողին՝ Հովհաննես Գասպարյանին, նա զորակոչվել է 2008թ.-ին: Վերջինս Ղարաբաղի Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղից է:

Դեպքի առթիվ առաջիկայում կհարուցվի քրեական գործ:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայաչոկելով ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը եւ վիրավորում  է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: