Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցիներին եւ ամբողջ հայությանը զսպվածության կոչ է անում: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին,  Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը:

«Շատ ծանր պահ է բոլորիս համար: Ես կուզեի, որ չտրվեին զգացմունքներին, ժողովուրդը երեկ եւ այսօր զսպված պահեց իրեն, եւ սա կարեւոր է մեզ համար, որպեսզի հետագայում կարողանանք դնել ժողովրդի պահանջը, եւ այդ տականքը դատապարվի: Մենք մեր պահանջը դրել են մեր ժողովրդով, մեր ավագանիով, հիմա տեսնենք զարգացումները: Մենք պետք է պահանջատեր լինենք: Մեր քաղաքը պետք է կանգնի, մեր պետությունը պետք է կանգնի, մեր ժողովուրդը պետք է կանգնի, պետք է փորձենք»,- ասաց Բալասանյանը:

Սամվել Բալասանյանի խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Գյումրիում Ավետիսյանների հուղարկավորության տեղի ունեցած բախումները չկրկնվեն:

«Մեր պահանջը պետք է լինի սահմանադրական։ Ես, որպես քաղաքապետ, ժողովրդի կողքին եմ, եւ անհրաժեշտության դեպքում կկանգնենք մեր ուղերձի կողքին»,- ասաց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am