Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը: Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան նշել է Հայաստանի ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե Ամանորից սկսած Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների հետեւանքով շարունակում է սրվել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում, ինչը զոհերի պատճառ է դարձել, ի՞նչ շարժառիթներով է դա արվում, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին եւ մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար։

Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը»։

«Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու եւ Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։

Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին»,- նշել է Քոչարյանը։