NEWS.am-ը, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, սկսում է «Զրույց դեսպանի հետ» վերնագրով նոր խորագիր:

Խորագրի ներքո` յուրաքանչյուր շաբաթ կհրապարակվի արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի (դեսպան, մշտական ներկայացուցիչ, գլխավոր հյուպատոս) հետ հարցազրույց, ուր մեր դիվանագետները կխոսեն երկկողմ հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում ներգարվվածության, իրենց ղեկավարած ներկայացուցչությունների աշխատանքի, արտերկրում Հայաստանի եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանության, եւ այլ հարցերի մասին:

Խորագրի ներքո առաջին հարցազրույցն անցկացվել է Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի հետ:

Պարո՛ն դեսպան, ինչպես են զարգանում Հայաստանի եւ Ավստրիայի հարաբերությունները վերջին տարիներին: Հայ հասարակության մեջ մեծ հետաքրքրություն առաջացրեց ավստրիացի մասնագետների կողմից Երեւանում Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի վերանորոգումը:

Վերջին 3 տարիների ընթացքում հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը ստացել է էապես նոր որակ՝ բարձրաստիճան փոխայցելությունների արդյունքում: 2012թ. տեղի ունեցավ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի այցը Հայաստան: Այն նշանավորվեց ոչ միայն նրանով, որ ավստրիական կողմի առաջին բարձրաստիճան այցն էր, այլեւ նրանով, որ նվիրված էր երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակին: Այցը կարեւոր էր երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի ամրապնդման առումով՝ տեղի ունեցավ գործարար ֆորում, ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման առումով: Արդյունքում բավականին ակտիվացել են մեր հարաբերություններն Ավստրիական զարգացման գործակալության հետ, որը տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Ավստրիական կողմի հաջողված ծրագրերի շարքում կարելի է նշել Երեւանի Օպերայի եւ բալետի պետական թատրոնի վերանորոգումը, օրենսդրական դաշտի օպտիմալացման «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրի ֆինանսավորումը, սիրիահայ փախստականներին տրամադրվող օժանդակությունը, Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցը եւ այլն: 2014 թ. ապրիլին Երեւանում կայացավ հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության, տուրիզմի, մշակույթի, էներգետիկայի բնագավառներում համագործակցության հեռանկարները:

Վերջապես 2014 թ. հունիսին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիա, որի շրջանակներում ստորագրվեցին Ավստրիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների եւ գործընկերության մասին հռչակագիրը, զբոսաշրջության եւ օդային տրանսպորտի բնագավառներում համագործակցության համաձայնագրեր: Այցի շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերվեց «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինման եւ Սունդուկյան անվան թատրոնի շենքի վերանորոգման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: ՀՀ նախագահի այցի ընթացքում տեղի ունեցավ Վիեննայում նորակառույց “Հայաստան” բազմաֆունկցիոնալ կենտրոնի բացման արարողությունը, որի գործունեությունը նպաստելու է հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը ֆինանսա-տնտեսական եւ մշակութային բնագավառներում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ  Հայնց Ֆիշերն մասնակցեցին նաեւ Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած հայ-ավստրիական տնտեսական համաժողովին:                              

2014թ. սեպտեմբերին տեղի ունեցավ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը Հայաստան, որի ընթացքում որի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ, մասնակցեց Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը, հանդիպում ունեվաց սիրիահայ փախստականների ներկայացուցիչների հետ, այցելեց Հայաստանի Կարմիր Խաչի գրասենյակ, Գյումրիի ավստրիական մոր ու մանկան հիվանդանոց:                                            

Ս.թ. հունվարին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Ավստրիայի Հանրապետություն, որը հանդիպում ունեցավ Արվեստների եւ մշակույթի, սահմանադրության եւ լրատվամիջոցների դաշնային նախարար դր. Յոզեֆ Օստերմայերի հետ Նախարարները ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր արվեստի եւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին:                                   

2015թ. ընթացքում ստորագրվելու են կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը վերաբերող փաստաթղթեր:

Գերմանախոս երկրներում հայ համայնքներն այնքան էլ մեծ չեն: Վաղո՞ւց են հայերն ապրում Ավստրիայում եւ ինչ ներդրում ունեն երկրի կյանքում:

Հայերի թիվն այսօր Ավստրիայում կազմում է շուրջ 5000 մարդ: Ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Վիեննայում եւ նրա շրջակայքում, ոչ մեծ քանակությամբ հայեր են բնակվում Լինցում, Զալցբուրգում, Գրացում: Հայերն Ավստրիայում բնակություն են հաստատել դեռեւս 17-րդ դարում, իսկ 1810թ. Վիեննա փոխադրվեցին Վենետիկի Մխիթարյան միաբանությունից անջատված միաբանները: Առաջին աշխարհամարտից հետո Ավստրիայում ապաստան գտան մի քանի տասնյակ հայ ընտանիքներ Օսմանյան կայսրությունից: Սակայն հայերի ամենամեծ հոսքը դեպի Ավստրիա տեղի ունեցավ 1970-ական թթ. երկրորդ կեսին, երբ Վիեննա տեղափոխվեցին հայեր Լիբանանից, Իրանից եւ Թուրքիայից: 1990-ական թթ. սկզբներին Ավստրիա գաղթեցին նաեւ հայեր Ադրբեջանից եւ Հայաստանից: Ավստրիայի հայերը զբաղված են արդյունաբերության, շինարարության, առեւտրի, սպասարկման ոլորտներում, ինչպես նաեւ արվեստի բնագավառում:

Հայկական հոգեւոր արժեքների պահպանման, հայագիտության ուսումնասիրման, գիտակրթական կարեւոր կենտրոն է Մխիթարյան միաբանությունը, որի վանքն ու եկեղեցին գտնվում են Վիեննայում: Միաբանությունն ունի մատենադարան, ուր պահվում են շուրջ 2 600 հայերեն ձեռագրեր, հայ պարբերական մամուլի հարուստ հավաքածու, կա նաեւ հազվագյուտ ցուցանմուշներով հարուստ թանգարան:

Ավստրիայում գործում է Հայ Առաքելական եկեղեցու համայնքը: Այն ունի իր եկեղեցական վարչությունը եւ հոգեւոր հովիվը: 1960 թթ. Վիեննայում կառուցվեց Ս. Հռիփսիմե եկեղեցին, որտեղ 1981 թ. հիմնվեl է համայնքի «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը: Ավստրիայում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ եւ միություններ:   

Մեր գործունեության մեջ մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում Ավստրիայի հայ համայնքի հետ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը: Վիեննայում գտնվելու ժամանակ ՀՀ նախագահը մասնավորապես այցելեց Մխիթարյան միաբանություն եւ Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցի:          

Այս տարի նշվում է «Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակ, ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակը: Ի՞նչ մասնակցություն է ունենալու հայկական կողմը եւ ինչ միջոցառումներ են նախատեսված Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված:

2014թ. սկզբից Ավստրիայում գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողով, որի ղեկավարում է ՀՀ դեսպանը: Հանձնաժողովի կազմում են ընդգրկված հայ համայքի կառույցների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, որն իրականացվում է սկսված անցյալ տարվա ապրիլ ամսից: Առ այսօր իրականացվել են հետեւյալ միջոցառումները. Երեւանում ներկայացվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության մշակած Հայ եկեղեցու Սուրբ պատարագի գործիքավորված տարբերակը (2014 թ. ապրիլ), Մխիթարյան միաբանության ֆոնդերից Մեծ եղեռնին վերաբերող նյութեր են տրամադրվել Շալլաբուրգ դղյակում Ավստրիայի կառավարության կողմից կազմակերպված “Ցնծություն եւ տառապանք. Ապրել մեծ պատերազմի հետ, 1914-1918 թթ.” ցուցահանդեսի համար (2014 թ. ապրիլ-սեպտեմբեր), ավստրահայ կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջագիր-նամակի ներկայացում Ավստրիայի պատգամավորներին, հասարակական-քաղաքական եւ լրատվական շրջանակների ներկայացուցիչներին (2014 թ. ապրիլի 24), Քաղաքական միջոցառում Հին քաղաքապետարանի նիստերի դահլիճում (2014 թ. ապրիլի 24), Արեւմտյան Հայաստանի գորգերի եւ ասեղնագործության նմուշների ցուցադրություն եւ միջազգային գիտաժողով (2014 թ. սեպտեմբեր), Ռումինահայ գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի գերմաներեն հրատարակության շնորհանդես (2014 թ. սեպտեմբեր), Արման Կիրակոսյանի «Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության համառոտ պատմություն» գերմաներեն եւ անգլերեն լեզուներով գրքույկների լույս ընծայում (2014 թ. դեկտեմբեր), բարեգործական համերգ 100-ամյակին ընդառաջ դրամահավաքի կազմակերպման նպատակով (2014 թ. դեկտեմբեր), Կարեն Ասատրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան Կլագենֆուրտ քաղաքում (2015 թ. հունվար)` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ:                                    

Այս տարվա միջոցառումներից կցանկանայի նշել Եվրոպական Միության տանը կայանալիք խորհրդարանական քննարկումը, Վիեննայի ազգային գրադարանի դահլիճում նշվելիք Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակը, “Հայաստանի արձագանքներ” երաժշտական փառատոնը, Վիեննայի Սբ. Ստեֆանի տաճարում իրականացվելիք էկումենիկ եկեղեցական արարողությունը, Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսը Մխիթարյան միաբանությունում, Ցեղասպանության ժամանակ զոհված արեւմտահայ գրողների գերմաներեն անթոլոգիայի շնորհանդեսը, Ավրորա Մարդիգանյանի «Հոգիների աճուրդը» ֆիլմի ցուցադրությունը, գիտական համաժողովը եւ դասական երաժշտության համերգները: Բոլոր այս միջոցառումները պատշաճ կերպով լուսաբանվելու են ավստրիական եւ հայաստանյան մամուլի կողմից:

Դուք ներկայացնում եք Հայաստանընաեւ  Վիեննայում տեղակայված մի շարք միջազգային կազմակերպություններում, այդ թվում ԵԱՀԿ-ում: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունն այդ միջազգային կառույցի աշխատանքներին:

Նախեւառաջ, կուզենայի նշել, որ ԵԱՀԿ-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային կազմակերպություններից մեկը, որը միավորում է Վանկուվերից Վլադիվոստոկ ձգվող լայնածավալ տարածաշրջանի 57 երկիր: Կազմակերպությունը հանդիսանում է քաղաքական երկխոսության հարթակ անվտանգության հարցերի, այդ թվում՝ հակամարտությունների եւ ճգնաժամերի կարգավորման հարցերի վերաբերյալ:

Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի բազմակողմ համագործակցությանը ԵԱՀԿ շրջանակներում, ինչն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ շրջանակներում՝ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդական ձեւաչափի ներքո: Հայաստանի առաքելությունը հետեւողական կերպով առաջ է մղում այն տեսլականը, որ հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, այդ թվում՝ ազատ ինքնորոշման իրավունքը: ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվում են Հայաստանի եւ Արցախի մոտեցումները հակամարտության կարգավորման վերաբերյալ: ԵԱՀԿ հարթակն օգտագործվում է Հայաստանի կողմից Թուրքիայի կողմից տարվող Մեծ Եղեռնի մերժողականության, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելու եւ շրջափակման քաղաքականության խնդիրները բարձրաձայնելու համար:

ԵԱՀԿ անվտանգության հայեցակարգն ունի համակողմանի բնույթ՝ ներառելով ռազմաքաղաքական, տնտեսական ու բնապահպանական եւ մարդու իրավունքների հարթությունները: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելությունը ներգրավված է բոլոր երեք հարթությունների շրջանակներում երկխոսությանը: Մեր պետության առաջնայնություններն են՝ Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության ռեժիմի ամրապնդումը, իրավահավասար եւ փոխշահավետ տարածաշրջանային տնտեսական համագործակցության հաստատումը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովումը: Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի միջոցով իրականացվում են ծրագրեր վերոհիշյալ բոլոր երեք հարթություններում, որոնք նպատակաուղղված են Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, անվտանգության ոլորտի բարեփոխումներին եւ կայուն տնտեսական զարգացմանը:

Որքան ակտիվորեն է Հայաստանը համագործակցում Վիեննայում տեղեկայված այլ միջազգային կազմակերպությունների հետ:

Ինչպես գիտեք, Վիեննան հանդիսանում է ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի եւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հյուրընկալող քաղաք, եւ իմ աշխատանքի կարեւոր բաղադրիչներից է նաեւ ՀՀ մշտական ներկայացուցիչ հանդիսանալը Վիեննայում տեղեկայված հետեւյալ միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակ, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողով:

Կուզենայի նշել, որ ՀՀ մշտական ներկայացուցչությունն ակտիվորեն համագործակցում է նշված կազմակերպությունների հետ, մասնավորապես ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր  միտված Հայաստանում կայուն տնտեսական աճի եւ արդյունաբերական զարգացմանն, արդյունավետ իրականացվում է համագործակցությունը ԱԷՄԳ հետ՝ Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման հանձնառությունների կատարման ուղղությամբ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ ՀՀ համագործակցում է կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում: Հատկանշական է նշել, որ 2013թ. ՀՀ ԱԳ նախարարի հրավերով Հայաստան այցելեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տնօրեն Յուրի Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում պարոն Ֆեդոտովը բարձր գնահատեց ՀՀ ղեկավարության հանձնառությունը  առկա միջազգային մարտահավերների դեմ պայքարում եւ աջակցությունը գրասենյակի առաքելության իրականացման գործում: Կարեւորագույն ազդակ հանդիսացավ նաեւ  2014թ. հունիսին Ավստրիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները նշված կազմակերպությունների ղեկավարների հետ: Այցի արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ ընդլայնելու առկա համագործակցությունը կազմակերպությունների եւ ՀՀ միջեւ: Չափազանց արդյունավետ է նաեւ համագործակցությունը ՀՀ-ում ծրագրեր իրականացնող Վիեննայում տեղակայված Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային հիմնադրամի, միգրացիոն քաղականության զարգացման միջազգային կենտրոնի եւ ՞Էներգիայի համայնք՞ կազմակերպությունների հետ: ՀՀ մշտական ներկայացուչության առաքելությունն է կամուրջ հանդիսանալ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների եւ բոլոր այս մասնագիտացված կառույցների միջեւ՝ նպաստելով Հայաստանում բազմաբնույթ եւ բազմաոլորտ ծրագրերի իրականացմանը:

Հայոց ցեղասպանության մասին Ձեր հոր պատմական աշխատություններն առաջիններից էին Խորհրդային Հայաստանում: Որքանո՞վ է Ձեր հոր մասնագիտությունն ազդել Ձեր մասնագիտությունն ընտրելու հարցում: Ո՞ր պահից հասկացաք, որ ցանկանում եք հենց դիվանագետ դառնալ:

Թեեւ հայրս` պատմաբան, միջազգայնագետ եւ քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը, 1975-1985թթ. հանդիսանում էր Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարը, այն ժամանակ ես դիվանագետ դառնալու որեւէ ցանկություն չեմ ունեցել: Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել հորս գործունեությունը քաղաքական հայագիտության բնագավառում: Ես ընտրեցի պատմաբանի մասնագիտությունը, մասնավորապես Հայկական հարցի դիվանագիտական պատմության բնագավառը, եւ ընդունվեցի աշխատանքի Գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնում: Հնարավոր է, որ իմ սերտ համագործակցությունը հորս եւ արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ՝ ակադեմիական «Հայագիտությունը արտասահմանում» մատենաշարի միջոցով Հայկական հարցին վերաբերող ժամանակակից նյութերի հրատարակման գործում, դեր է խաղացել Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակվելու մեջ:

Կենսագրական տվյալներ

Արման Ջոնի Կիրակոսյանը ծնվել է 1956թ. սեպտեմբերի 10-ին Երեւանում: 

1977թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980 թ.-ինª նույն ինստիտուտի ասպիրանտուրան: 

1980-1986թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնում որպես լաբորանտ, կրտսեր, ավագ գիտաշխատող, §Հայագիտությունը արտասահմանում¦ բաժնի վարիչ: 

1986-1990թթ. աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ, արտաքին կապերի գծով խորհրդատու: 

1990-1991թթ. հանդիսացել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Սփյուռքահայ համայնքների պատմության եւ մշակույթի ուսումնասիրման բաժնի գիտական թեմայի ղեկավար: 

1991թ. նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992 թ. ստացել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: 1992 թ. հոկտեմբերից 1993 թ. մարտը հանդիսացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար:

1994-1999թ. եղել է Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, կատարել է Աթենքում հավատարմագրված դեսպանների ավագի պարտականությունները: Միաժամանակ հահամատեղության կարգով հանդիսացել է ՀՀ դեսպանը Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում եւ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում:  

1999-2005թթ. աշխատել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ: 

2005-2011թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ 2011 թ.-ից աշխատում է որպես Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում եւ Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի  կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ: 

Արման Կիրակոսյանն ունի պատմական գիտությունների դոկտորի աստիճան (1999), պրոֆեսորի կոչում (2011), 120-ից ավելի գրքերի եւ գիտական աշխատությունների հեղինակ է, դասավանդել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, եղել է ԵՊՀ խորհրդի, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայան ինստիտուտում գործող մասնագիտական խորհրդի, Հայոց ցեղասպանություն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի եւ ԵՊՀ Քաղաքակրթությունների եւ մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի գիտական խորհուրդների անդամ:

Հիմնական աշխատությունները` 

Բրիտանական դիվանագիտությունը եւ արեւմտահայության խնդիրը (1830-ական թթ. – 1914 թ.), Երեւան, 1999; 

British Diplomacy and the Armenian Question, Princeton, London, 2003; 

The Armenian Massacres, 1894-1896: US Media Testimony, Detroit, 2004; 

Ակնարկներ Հայկական հարցի եւ Եղեռնի միջազգային ճանաչման պատմության, Երեւան, 2006; 

Armenia-US: Current Realities and Vision for Future, Yerevan, 2007; 

The Armenian Massacres, 1894-1896: British Media Testimony, Dearborn, 2008; 

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը եւ արեւմտահայությունը (19-րդ դար-1914 թ.), Երեւան, 2014:

Պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» (2011) մեդալով, ՀՀ ԱԳՆ (2001) եւ «Ջոն Կիրակոսյան» (2009) մեդալներով, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով (2008) եւ պատվոգրով (2011), Հայաստանի գիտությունների ակադեմիայի գովեստագրով (1983), ԵՊՀ ոսկե մեդալով (2006), Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի §Ֆրիտյոֆ Նանսեն¦ ոսկե մեդալով (2006), ՀԱՊԿ հոբելյանական մեդալով եւ պատվոգրով (2007), Աթենք քաղաքի ոսկե մեդալով (1999), Թեքեյան Մշակութային Միության «Հայկաշեն Ուզունյան» պատմա-բանասիրական մրցանակով (2005):

Ամուսնացած է, ունի մեկ որդի: