Ստեփանակերտում ադրբեջանցի հետախույզ դիվերսանտների գործով ընթացող Վերաքննիչ դատարանի նիստին Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը ներկայացրեց բողոքի բովանդակությունը։

Փաստաբանի խոսքով՝ նրա պաշտպանյալը մեղավոր չէ անչափահաս երիտասարդի առեւանգման եւ սպանության, ինչպես նաեւ տան կողոպուտի մեջ։ Փաստաբանի պնդմամբ՝ վերոնշյալ հանցագործությունները կատարել է խմբի երրորդ անձը ՝ Հասան Հասանովը։ Լրտեսության մեղադրանքը Ասկերովը ընդունեց մասամբ՝ պնդելով, որ ինքը չգիտեր, թե տեսանյութը կարող է օգտագործվել ի վնաս Ղարաբաղի։ Սմբատ Ցականյանի սպանության մասով փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն ու Հասան Հասանովը  փոխանակել են իրենց զենքերը։ Իսկ ինչ վերաբերում է Սմբատ Ցականյանի առեւանգմանը, ապա Ասկերովի փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը միայն նկարահանել է։ Տեսանյութն ապացուցում է, որ Հասանովն ու Գուլիեւը ընթացել են առջեւից։ Փաստաբանի  խոսքով՝ գործին կից նյութերը վկայում են՝ այն հանգամանքը, որ  Ասկերովը հայտարարել է, թե «տղան այլեւս չի կարող գալ մեզ հետ», չի ապացուցում, թե Ցականյանին սպանել է հենց նա։

Ինքը՝ Դիլհամ Ասկերովը, համաձայնվել է փաստաբանի ներկայացրած տեսակետի հետ։

«Այո, հարգարժա՛ն դատավոր»,- հայտարարել է Ասկերովը՝ միաժանակ նշելով, որ հատել է սահմանը հարազատ վայրերն այցելելու նպատակով։ Ըստ Ասկերովի ցուցմունքի՝ նա 6-7 անգամ եղել է Քարվաճառի շրջանում, տեսել է շատ երեխաների, կանանց եւ տղամարդկանց, սակայն ոչ մեկի ձեռք չի տվել, թեպետ ունեցել է նման հնարավորություն։

Ինչ վերաբերում է տեսանյութերին, Ասկերովը դրանում հանցագործություն չի տեսնում։ Նրա խոսքով՝ իր նկարահանած կադրերը հետո հայտնվել են համացանում, սակայն ով է դրանք այնտեղ տեղադրել, ինչքը չգիտի։ Ասկերովը պնդում է, որ այդ հանգամանքը բացառում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության վարկածը։ «Նրանք հո հիմար չեն, որ նայելուց հետո այդ նյութերը տեղադրեն համացանցում»,- հայտարարել է Ասկերովը։ Նա նաեւ վստահ է, որ մեղադրանք շատ խիստ է. «Ինձ այնպիսի մեղադրանքներ են ներկայացնում, կարծես թե ես Բեն Լադենն եմ կամ Բասաեւը»,- հայտարարել է նա։

Ըստ նրա՝ այն ամենն, ինչ ինքը նկարահանել է Քարվաճառում, առանց իր տեղադրելու էր համացանցում կա, իսկ ինքը նկարահանել է գետը, անտառն ու ծաղիկները։ «Ես նույնիսկ տեսել եմ Ստեփանակերտի շքերթը»,- հպարտացավ  Ասկերովը։ Սպանության մեղադրանքը Ասկերովը կտրականապես հերքում է։ Ընդ որում նա «մեծահոգաբար» հայտարարեց, որ վստահ է անգամ Շահբազ Գուլիեւի անմեղության հարցում, քանի որ վաղուց է ճանաչում նրան եւ վստահ է, որ Գուլիեւն ունակ չէ սպանության։ Սմբատ Ցականյանի սպանությունը Ասկերովը «փաթաթեց» սպանված դիվերսանտ Հասան Հասանովի վզին՝ հայտարարելով, թե Հասանովը հասարակ մարդ չէր, նա «ԿԳԲ-ական էր»։

Եզրափակելով ցուցմունքը՝ Ասկերովը հայտարարեց, թե մեղավոր չէ սպանության մեջ եւ պահանջում է կամ իրեն ազատ արձակել կամ  գնդակահարել, միայն թե ոչ ցմահ բանտարկության դատապարտել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման: