ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղի գործարանում թափոնների պահպանման փորձը արժեքավոր է ՌՈՒՍԱԼ ընկերության ողջ ձեռնարկությունների համար։ Այս մասին հայտարարել է «ՌՈՒՍԱԼ» ԲԲԸ էկոլոգիայի, աշխատանքի ապահովման եւ արդյունաբերական անվտանգության հարցերով տնօրեն Իվան Ռեբրիկը՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով NEWS.am –ի թղթակցի հարցին։

Ըստ նրա՝ սեփական գործարանի տարածքում թափոնները տեղավորելու համար տարածք բացելը քաղաքի պայմաններում պետքական որոշում էր։ «Կարեւոր է հենց ժամանակավոր տարածքների կառուցման փորձը։ Նպատակը թափոնները ընդմիշտ թաղելը չէ, այլ ժամանակավորապես պահելը՝ հետագայում վերամշակելու նպատակով։ Այնպես որ ԱՐՄԵՆԱԼ-ի փորձը շատ օգտակար է»,- ընդգծել է Ռեբրիկը։

Հիշեցնենք,  որ գործարանի թափոնների տեղամասի էկոլոգիական գնահատումը հաստատվել էր 2014թ. ապրիլին։ ԱՐՄԵՆԱԼ-ը դարձավ Հայաստանի առաջին արդյունաբերական ձեռնարկությունը, որը թափոնների համար էկոլոգիական պահանջներին համապատասխան տարածք էր հատկացրել։

3 մ բարձրությամբ բետոնե պարիսպը, դրենաժի համակարգով ասֆալտե ծածկը եւ թափոնների համար հերմետիկ տարաները նվազագույնի են հասցնում շրջակա միջավայրի հետ դրանց շփման հնարավորությունը։

Գործարանի թափոնները այդ տարածքում գտնվելու են ժամանակավորապես, մինչեւ որ դրանք կտեղափոխեն մասնագիտացված աղբավայր։

Տարածքի նախագիծը կազմել է ATMS Solutions ընկերությունը։

Հայաստանում եւ Հարավային  Կովկասում ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ գործարանը «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն է՝  աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսական «Ռուսալ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը։