NEWS.am-ի հարցերին պատասխանում է Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:

Պարո՛ն դեսպան, խոսենք հայ-բելառուսական հարաբերությունների պատմությունից եւ դրանց ներկա վիճակից: 

Հայերը Բելառուսում ապրում են դարեր շարունակ: Մենք մի քանի տասնամյակ ապրել ենք մեկ պետությունում՝ ԽՍՀՄ-ում, եւ, բնականաբար, դա իր դրական հետքն է թողել հայ-բելառուսական հարաբերությունների վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազմաթիվ հայազգի զինվորներ մարտնչել եւ արյուն են թափել Բելառուսի ազատագրման համար: Հարկ է նշել, որ Բրեստի ամրոցի պաշտպանողների թվում եղել են նաեւ բազմաթիվ հայեր: Մարշալ Բաղրամյանը մեծ ներդրում ունի Բելառուսի ազատագրման գործում:

Ինչ վերաբերում է ներկա հարաբերությունների պատմությանը, ապա Բելառուսի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունիսի 12-ին: 1993թ.-ից ի վեր Բելառուսում գործում է ՀՀ դեսպանությունը, իսկ 2001թ. Երեւանում բացվեց Բելառուսի դեսպանությունը:

Հայաստանն ու Բելառուսը ԱՊՀ անդամներ են, ավելին՝ մենք գտնվում ենք մեկ ռազմաքաղակական կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի եւ տնտեսական միության՝ ԵՏՄ-ի կազմում: Սա, բնականաբար, մեծ ազդեցություն ունի նաեւ երկկողմ հարաբերությունների վրա: Միջազգային ասպարեզում գրեթե բոլոր պարագաներում մեր երկրների դիրքորոշումները համընկնում են, եւ մեր պետությունների մեջ չկա որեւէ խնդիր: Հաճախակի են նաեւ բարձրաստիճան փոխայցելությունները, ինչը վկայում է բարեկամական եւ բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

Ինչ վերաբերվում է առեւտրատնտեսական հարաբերություններին, ապա, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մենք ակնկալում ենք տնտեսական հարաբերությունների կտրուկ աճ:

Որքա՞ն հայեր են այսօր ապրում Բելառուսում, եւ համագործակցության ի՞նչպիսի հիմքերի վրա է դրված դեսպանություն-հայ համայնք կապը:

Պաշտոնական տվյալներով այսօր Բելառուսում ապրում է մոտ 10 հազար հայ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ 30-ից 35 հազար: Ինչպես բոլոր պետություններում, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, Բելառուսում նույնպես հայերը ակտիվ ներգրավված են երկրի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում:

Դեսպանությունը մշտապես աջակցել է համայնքային կառույցներին: ՀՀ դեսպանության ջանքերի շնորհիվ շարունակվում է Բելառուսի հայ համայնքի ներգրավվածությունը` Հայաստանում իրականացվող սփյուռքի հետ համագործակցության ծրագրերի մեջ: ՀՀ դեսպանությունը տրամադրում է հյուպատոսական  ծառայություններ Բելառուսում ապրող ՀՀ քաղաքացիներին: Դեսպանությունը մշտապես կազմակերպում եւ աջակցում է նաեւ հայկական համայնքային կառույցների մասնակցությամբ միջոցառումներին:

Տարիներ շարունակ Բելառուսում գործում է «Էրեբունի» երգի-պարի ազգագրական համույթը, որը ազգային մշակութային միջոցառումների բազմակի դափնեկիր է: 

Մինսկ քաղաքի «Հայաստան» կրթամշակութային ընկերությունը, որը հիմնադրվել է 1989թ., Բելառուսում ամենախոշոր համայնքային կազմակերպությունն է: Բելառուսի տարբեր մարզերում գործում են եւս չորս հայկական հասարակական կազմակերպություններ:

Մինսկում գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ անցյալ տարվանից կազմակերպվել  է  նոր երգի-պարի ազգագրական համույթ: Հրատարակվում են հայկական «Միասին» թերթը եւ «Անիվ» ամսագիրը, գործում են www.miasin.by եւ www.diaspora.by հայկական կայքերը:

Ի՞նչ հեռանկարներ են առկա Հայաստան-Բելառուս տնտեսական հարաբերությունների խորացման համար՝ նկատի ունենալով ս/թ. հունվարի 1-ից Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո մեր երկրի համար ստեղծվել է լայն հնարավորություններ, այդ կառույցի անդամ պետությունների հետ տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ, այդ թվում՝ նաեւ Բելառուսի հետ: Այլեւս չկա որեւէ արգելք հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման համար: Հայաստանի համար բացվել է մեծ շուկա, որտեղ գործում է մարդկանց, ապրանքի, կապիտալի եւ ծառայությունների ազատ շրջանառությունը: Մենք հույս ունենք, որ անդամակցելուց հետո Հայաստանի եւ Բելառուսի ապրանքաշրջանառության ծավալները ավելի կակտիվանան եւ նոր՝ ավելի բարձր մակարդակի կհասնեն: Բելառուսը Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով ԱՊՀ երկրներից 3-րդ տեղն է զբաղեցնում: Մենք ունենք ապրանքների լայն տեսականի, որոնց կարիքն ունի Բելառուսը եւ հակառակը՝ բելառուսական արտադրությամբ ապրանքների մեծ տեսականի կա, որի պահանջարկը կա Հայաստանում:

Դուք նաեւ Հայաստանի մշտական ներկայացուցիչն եք ԱՊՀ-ում: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներգրավվածությունն այդ միջազգային կառույցի աշխատանքներին:

Հայաստանը խորապես ներկայացված է ԱՊՀ բոլոր մարմիններում եւ ակտիվ համագործակցում է այդ կառույցի շրջանակներում: Այսպես` 2014թ. ընթացքում ԱՊՀ տարբեր ատյաններում` Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ), Կառավարությունների ղեկավարների խորհրդի (ԿՂԽ), Պետությունների ղեկավարների խորհրդի (ՊՂԽ) նիստերին ընդունված 112 փաստաթղթերից Հայաստանը ստորագրել է 101-ը: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանը ստորագրել է 99-ը, իսկ Ադրբեջանը` 34-ը:

Վերջին տարիների ընթացքում ԱՊՀ շրջանակներում առավել աշխուժորեն քննարկվող խնդիրների շարքում կարելի է առանձնացնել հումանիտար համագործակցության զարգացման, միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, անօրինական միգրացիայի եւ այլ նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում միասնական ջանքերի գործադրումը:

Պարո՛ն դեսպան, այս տարին առանձնահատուկ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տեսանկյունից: Այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում դեսպանության կողմից:

Ինչպես բոլոր դեսպանությունները, մենք նույնպես, չափազանց մեծ ուշադրություն ենք դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին եւ, հատկապես, 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Օրեր առաջ` փետրվարի 24-ից 27-ը, Բելառուսում ՀՀ դեսպանությունը եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Այլեւս երբեք» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին ֆիլմերի ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բելառուսի «Միր» կինոթատրոնում 3 օր շարունակ ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր, որոնց թվում էին «Մայրիկը», «Արարատը», «Տատիկիս դաջվածքները», «Ճչացողները» եւ մի շարք այլ ֆիլմեր:

Սա դեռ սկիզբն է, ու բնականաբար եւ՛ դեսպանության, եւ՛ համայնքի կողմից կազմակերպվելու են մի շարք այլ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ պետք է ավելի մեծ քանակությամբ մարդկանց՝ պատմության այդ ողբերգական էջերի հետ ծանոթացնել: Այդ միջոցառումների թվում են համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ եւ այլն:

Նախկինում Դուք զբաղեցրել եք Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Որտե՞ղ եք կարողացել ավելի օպտիմալ իրացնել Ձեր կարողությունները՝ օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում, թե՞ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարելիս:

Անկախ իմ զբաղեցրած պաշտոնից՝ միշտ տուրք եմ տվել պետական մտածողությանը եւ միշտ էլ աշխատել եմ հնարավոր արդյունավետությամբ, իսկ գնահատականը, կարծում եմ, ես չէ, որ պիտի ինքս ինձ տամ: Համենայն դեպս, սիրով վայելում եմ իմ հայրենակիցների ջերմ ու հարգալից «բարեւ»-ը:

Պարո՛ն դեսպան, օրեր առաջ՝ մարտի 2-ին, Հայաստանում նշվեց դիվանագետի օրը: Ի՞նչ մարտահրավերներ են այսօր հաղթահարում մեր դիվանագետներն արտերկրում: Ձեր ուղերձը դիվանագետի օրվա կապակցությամբ:

Նախ, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեր դիվանագետներին՝ դիվանագետի օրվա առթիվ եւ մաղթում եմ հաջողություններ դիվանագետի դժվար, պատասխանատու եւ չափազանց կարեւոր աշխատանքում: Մարտահրավերներ շատ կան, բայց յուրաքանչյուր դիվանագետ պետք է, առաջին հերթին, կարեւորի այն, որ ինքը երկիր է ներկայացնում եւ արտերկրում հենց ինքն է Հայաստանի դեմքը: Լինելով փոքր երկիր՝ մենք պետք է ավելի շատ ջանք ու եռանդ թափենք, ավելի ակտիվ լինենք, քան ուրիշները:

Արմեն Խաչատրյանի կենսագրությունը

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՊՀ կառույցներում եւ այլ կանոնադրական մարմիններում

ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ

Ծնվել է 1957թ. օգոստոսի 13-ին, ք. Երեւանում

Կրթություն`

1978թ. Գերազանց ավարտել է Խ.Աբովյանի անվան Երեւանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, բանասիրության գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն`

1978-1980թթ. Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ

1980-1981թթ. Հայաստանի պետական պատկերասրահի գիտական մասի վարիչ

1981-1985թթ. ՀԼԿՄ Երեւանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ

1985-1987թթ. ՀԿԿ Երեւանի Շահումյանի շրջկոմի հրահանգիչ

1987-1990թթ. Երեւանի հ. 191 միջնակարգ դպրոցի տնօրեն

1991-1999թթ. Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հիմնադիր անդամ, գիտակրթական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր

1999թ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

1999 -2003թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամ

2003-2010թթ. Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

2004թ. Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը` Կիեւ/

2010թ. Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ

Դիվանագիտական աստիճան`

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Պարգեւներ եւ կոչումներ`

2001թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից շնորհվել է «Ընկերակցություն» շքանշանը

2001թ. Կոնստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարթուղեմիոս Ա-ի կողմից ստացել է Օրթոդոքս Եկեղեցու բարձրագույն «Սուրբ Անդրեաս» շքանշանը

2002թ. Պարգեւատրվել է Ուղղափառ ժողովուրդների միջազգային հիմնադրամի կողմից սահմանված «Ուղղափառ ժողովուրդների միասնությունը ամրապնդելու գործում բացառիկ գործունեությանհամար» միջազգային մրցանակ

2002թ. «Պատվո շքանշան» / Ֆրանսիա /

2003թ. Ֆ.Նանսենի անվան Ոսկե մեդալ

2003թ. Անտիոքի եւ Ասորական Համաարեւելյան ուղղափառ եկեղեցու «Սուրբ Իգնաթիոս Թեոֆորոսի» բարձրագույն շքանշան

2004 Համաուկրաինական կազակական «Կազակության խաչ» շքանշան / Ուկրաինա /

2006թ.Պետրոս Մեծի` առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշան / Ռուսաստան /

2007թ. Գորչակովի առաջին աստիճանի շքանշան / Ռուսաստան /

2009թ. Գեորգիեւյան մեդալ / Ուկրաինա /

Օտար լեզուներ`

Ռուսերեն, անգլերեն, լեհերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ երկու դուստր: