Երեւանյան ժամանակով 01:00-ին Նյու Յորքում մեկնարկել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր՝ «100 Կյանք» (100 LIVES) նախաձեռնության շնորհանդեսի արարողությունը:

Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցել այն անհատներին եւ կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազմաթիվ հայերի փրկել են Հայոց Ցեղասպանությունից: «100 LIVES»-ի  համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաեւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Արարողության ժամանակ կհայտարարվի մարդասիրական նոր՝ «Ավրորա» ամենամյա միջազգային մրցանակի («AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE») հիմնադրման մասին, որի ժյուրիի անդամների թվում են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելը:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ամեն տարի ապրիլի 24-ին Երեւանում եւ կլինի ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Նախատեսվում է, որ առաջին մրցանակը, որը կշնորհվի 2016թ., կհանձնի անձամբ Ջորջ Քլունին: «Ավրորա» մրցանակը ենթադրում է նաև 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել:

Մրցանակն այսպես է կոչվել Ցեղասպանություն վերապրած Ավրորա Մարտիկանյանի անունով, որի աչքի առաջ սպանել էին ընտանիքի բոլոր անդամներին։ Նա իր կյանքը նվիրել էր  Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն եւ 1919թ. նկարահանվել էր «Պատառոտված Հայաստան» ֆիլմում։

Ռուբեն Վարդանյանն ու նրա գործընկերները համագործակցում են  Ջորջ Քլունիի, Բրեդ Փիթի, Մեթ Դեյմոնի եւ այլ հռչակավոր մարդկանց կողմից հիմնադրված Not On Our Watch կազմակերպության հետ, որի նպատակն է կանխել զանգվածային վայրագությունները։