V դարի պատմիչ Մովսես Խորենացին գրել է, որ Հայաստանը ստեղծվել է մ.թ.ա. 2492 թվականին, ինչը սովորաբար առասպել է համարվում, չնայած նա պնդում էր, որ եղել է Բաբելոնում եւ ուսումնասիրել հնագույն գրառումները: Ամեն դեպքում, անկախ այն հանգամանքից, արդյո՞ք նա հաջողությամբ գուշակել է այդ տարեթիվը, թե՞ իսկապես նրան հասանելի է եղել այդ օգտակար տեղեկությունը, գենոմի նոր անալիզը ցույց է տվել, որ այդ տարեթիվը միանգամայն ճշմարտանման է:

Ըստ «The New York Times»-ի, գենետիկայի մասնագետները սքանավորել են Հայաստանից եւ Լիբանանից 173 հայերի գենոմը եւ համեմատել աշխարհի տարբեր երկրներից 78 այլ գենոմների հետ: Նրանք հայտնաբերել են, որ հայերը հնագույն այլ պոպուլյացիաների խառնուրդ են, որոնց սերունդները ներկայում բնակվում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում եւ մի շարք այլ տարածաշրջաններում: Գենետիկայի մասնագետները կարծում են, որ այդ միախառնումը տեղի է ունեցել մ.թ.ա. 3000 եւ 2000 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում, ինչը համընկնում է Հայաստանի հիմնադրման շուրջ Մովսես Խորենացու նշած շրջանին:

Հետազոտողները նաեւ գենետիկ տարբերակման նախանշաններ են գտել, որը շուրջ 500 տարի առաջ սկսել է տեղի ունենալ արեւմտյան եւ արեւելյան հայերի միջեւ: Դա համընկնում է Օսմանյան եւ Սեֆյան դինաստիաների միջեւ պատերազմի սկզբի եւ թուրքական ու պարսկական կայսրությունների միջեւ հայ բնակչության բաժանման հետ: «ԴՆԹ-ի այս հետազոտությունն ընդհանուր գծերով հաստատում է այն, ինչ մենք գիտենք հայ ժողովրդի պատմության մասին»,- ասել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ կապ ունեցող պատմաբան Հովհան Սիմոնյանը:

Անգլիայի Սենգերի ինստիտուտի գենետիկները՝ Մարկ Հաբերի եւ Քրիս Թայլեր-Սմիթի գլխավորությամբ, այնպիսի ազգաբնակչության, ինչպիսիք են հայերը, երկարատեւ մեկուսացումը համարում են բնակչության պատմության վերականգնման միջոց:

Հայերը ԴՆԹ-ի հիման վրա իրենց ծագման 29%-ը կիսում են Էցի մարդու հետ, որի 5300-ամյա մումիան հայտնաբերվել է 1991 թվականին, Ալպերում սառցաշերտի հալչելու հետեւանքով: Մերձավոր Արեւելքում գենետիկորեն մեկուսացված այլ ազգաբնակչությունները, օրինակ՝ կիպրացիները կամ լիբանանյան քրիստոնյաները, նույնպես իրենց ծագման մեծ մասը կիսում են սառցե մարդու հետ: Իսկ Մերձավոր Արեւելքի մյուս բնակիչները, ասենք, թուրքերը, սիրիացիները եւ պաղեստինցիները, ԴՆԹ-ի քիչ բաժին ունեն այս հնագույն մարդու հետ: