Ժողովրդավարական գործընթացները Արցախում նպատակ չունեն ազդելու խաղաղ գործընթացի վրա կամ ինչ-որ կերպ նպաստելու միջազգային ճանաչմանը, ինչպես դարձյալ այստեղ՝ Մշտական խորհրդի հանդիպումներից մեկի ժամանակ: Այս մասին մարտի 11-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«2015թ. մայիսի 3-ին Արցախի ժողովուրդը 6-րդ անգամ կիրականացնի Ազգային ժողովի պատգամավորներ ընտրելու իր ժողովրդավարական իրավունքը: Ժողովրդավարական գործընթացները Արցախում նպատակ չունեն ազդելու խաղաղ գործընթացի վրա կամ ինչ-որ կերպ նպաստելու միջազգային ճանաչմանը, ինչպես դարձյալ այստեղ՝ Մշտական խորհրդի հանդիպումներից մեկի ժամանակ, նշվել է որոշ մասնակից երկրների կողմից: Ժողովրդավարության կառուցումը` հիմնված մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների վրա, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, պետք է միայն ողջունվի միջազգային հանրության այլ ժողովրդավարական անդամների կողմից:

Թույլ տվեք հիշեցնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածը, որը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որեւէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական պատկանելությունից եւ համոզմունքներից…: Ավելին, որեւէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից»: Այս առումով պետք է նշել, որ աշխարհում ազատության վերաբերյալ Freedom House-ի 2015թ. զեկույցի համաձայն, Արցախը շատ առաջ է Ադրբեջանից՝ հիմնարար ազատությունների առումով»,-հայտարարել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով էլ պատահական չէ, երբ Բաքուն քննադատում է Արցախում անցկացվող ընտրությունները` հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ներկայիս վիճակը: «Այնուամենայնիվ, երբեմն մի քանի մասնակից երկրներ, մի կողմից հայտնելով իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, մյուս կողմից այնպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որոնք հակասում են խաղաղության գործընթացի ոգուն եւ բովանդակությանը: Համանախագահները հստակ նշում են, որ ընտրական գործընթացի միջոցով «Լեռնային Ղարաբաղը փորձում է ժողովրդավարորեն կազմակերպել իր բնակչության հանրային կյանքը»:

Մենք կոչ ենք անում բոլոր մասնակից երկրներին՝ հետեւելու համանախագահների ձեւակերպումներին՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, այլեւ հիմնահարցի հետ կապված այլ հարցերում, քանի որ այս ձեւաչափը միջազգայնորեն միակ մանդատ ունեցող մարմինն է հիմնահարցի կարգավորման գործում, եւ համանախագահների արտահայտություններից ցանկացած շեղում կարող է նշանակել կողմնակալ մոտեցում»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: