Ferrari ընկերությունը պատրաստվում է հետ կանչել LaFerrari սուպերհիբրիդի բոլոր 499 նմուշները վառելիքի համակարգում հնարավոր անսարքությունների պատճառով։ Այս մասին գրում է Autoblog-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ իտալական արտադրողը մտադիր է վառելիքի բաքը էլեկտրականություն չհաղորդող նոր մեկուսիչ ծածկույթով պատել, որի նպատակը հնարավոր բռնկումից խուսափելն է։

2014թ. ամռանը հայտնի էր դարձել, որ Իտալիայում ավտոմրցաշարի ժամանակ բլուր բարձրանալիս LaFerrari-ի մասնակիցներից մեկը ստիպված էր դուրս գալ մրցուղուց շարժիչի գերտաքացման պատճառով։ Այդ ժամանակ որոշ դիտորդներ հայտարարեցին, թե կասկածելի բռնկումներ են տեսել մեքենայի շարժիչի հատվածում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ferrari ընկերությունը չի հաստատել LaFerrari-ի հետկանչի մասին լուրերը՝ հայտարարելով, որ ավտոարտադրողը մտադիր է տեխսպասարկման շրջանակներում վառելիքի բաքի որոշ բարեփոխումներ կատարել։