Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի դատարանի վճռում շատ լուրջ հիմնավորումներ կան եւ դրանք հիմնականում կիրառելի են նաեւ ԼՂ-ի հարցի կարգավորման հարցում: Այս մասին հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Դատարանի կողմից հրապարակված փաստաթուղթը թեեւ խորությամբ չեմ  ուսումնասիրել, սակայն վստահ եմ, որ դրանում առկա են օգտակար դրույթներ, որոնք պետք է հանել ու կիրառել Ղարաբաղի հարցի դեպքում»,-նշեց Զուրաբյանը: Նա նաեւ նշեց, որ պետք է լուրջ կոնցեպտուալ փոփոխություններ մտցվեն ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: «Կոսովոյի անկախությունը ընդունվել է իրավունքների «ապաքինման» (Remedial right to secede)  նպատակով անջատվելու իրավունքի հիման վրա: Այսօրվա միջազգային իրավունքը ընդունում է, որ ինքնորոշման իրավունքը կարող է ընդայնվել՝ ընդհուպ անջատման աստիճան, այն ժամանակ, երբ ինքնորոշվող ժողովուրդը ենթարկվել է իր իրավունքների ոտնահարման»,-նշեց Զուրաբյանը: Սակայն, նրա խոսքով, այս կարեւոր հանգամանքի վրա Հայաստանի արտաքին գերատեսչությունը ուշադրություն չի սեւեռում եւ այն չի կիրառում: «Մինչդեռ սա ամենաարդյունավետ միջոցն է՝ ԼՂ հարցը առաջ տանելու համար»,-նկատեց ՀԱԿ համակարգողը: