Վայոց Ձորի Չիվա գյուղում այսօր՝ մարտի 24-ին, ժամը 14.15-14.20-ի սահմաններում, գայլը հարձակվել է սիբեխ հավաքող գյուղացիների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չիվայի գյուղապետ Նաիրի Սարգսյանը:

Նա նշեց, որ գայլը հարձակվել է 5 հոգու վրա, ովքեր գնացել էին գյուղից մոտ 500 մետր հեռավորությամբ գտնվող դաշտ՝ սիբեխ հավաքելու: Տուժածներից 4-ը կանայք են, մեկը՝ տղամարդ, կանանցից երկուսին գայլը վնասվածքներ է հասցրել դեմքի շրջանում, մյուսների դեպքում վնասել է ձեռքերը, ոտքերը, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, առողջական վիճակը նորմալ է: Տղամարդուն հաջողվել է հարվածել եւ սպանել գայլին, կենդանուն վաղը կտանեն փորձաքննության, որպեսզի պարզեն՝ գազազած էր, թե ոչ, ինչպես կազմակերպել բուժումը եւ այլն: Գյուղապետը նշեց նաեւ, որ մի քանի օր առաջ էլ նույն գայլը հարձակվել էր հովիվի վրա, վնասել էր ոչխարներին:

ՏԿԱԻՆ-ի փոխանցմամբ, մարտի 24-ին, ժամը 16.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում գայլը հարձակվել է նույն գյուղի բնակիչներ` 1978 թ. ծնված Գ. Մ.-ի, 1978 թ. ծնված Ս. Հ.-ի, 1965 թ. ծնված Գ. Ս.-ի, 1984 թ. ծնված Ս. Ս.-ի եւ 1984  թ. ծնված Ա. Խ.-ի վրա` պատճառելով տարբեր աստիճանի մարմանկան վնասվածքներ, ովքեր տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Ս. Ս.-ը եւ Ա. Խ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: