NEWS.am-ի հետ հարցազրույցում Բրազիլիայում հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Գալոյանը պատմում է երկրի կյանքում (այդ թվում Օզասկոյի, որի առաջին քաղաքապետը հայ է եղել) հայ համայնքի ներդրման, Բրազիլիայի նախագահի հետ զրույցի եւ շատ այլ բաների մասին:

Պարո՛ն դեսպան, ներկայացրեք հայ-բրազիլական հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 17-ին, իսկ 1998թ. մարտ ամսին Բրազիլիայի հայաշատ Սան Պաուլո քաղաքում հաստատվեց ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը: 2006թ. օգոստոսին Երեւանում(առաջինը տարածաշրջանում) հիմնվեց Բրազիլիայի դեսպանությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունների նման հարաբերակցությունը շարունակվեց մինչեւ 2011թ. սկիզբը, երբ Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում հիմնվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը` հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով:

Հարկ է նշել, որ իմ պաշտոնավարումը Բրազիլիայում սկսվել է մեկ տարի առաջ, երբ երկիր ժամանելուց հետո` 2014թ. ապրիլի 8-ին,հավատարմագրերիս պատճենները հանձնեցի Բրազիլիայի ԱԳՆ արարողակարգի դեպարտամենտի ղեկավար-նախարարին: Նույն օրը հնարավորություն ընձեռնվեց հանդիպումներ ունենալ Բրազիլիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Առաջին իսկ քննարկումներից նախանշվեցին հետագա գործունեության թիրախային նպատակները եւ բրազիլական կողմի ակնկալիքները երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Մեծ կարեւորություն տրվեց Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ Բրազիլիայի հասարակության լայն շրջանակների իրազեկվածության բարձրացմանը: Այս առնչությամբ անցած մեկ տարվա ընթացքում ձեռնարկվեցին մի քանի կարեւոր քայլեր:

2014թ. օգոստոսի 22-իներկրի ամենաազդեցիկ եւ խոշոր «Globo TV» հեռուստաընկերության երեկոյան եթերում առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող 40 րոպե տեւողությամբ տեսանյութ: 

Մայրաքաղաքում հրատարակվող «Կոհեո Բրազիլենսե» օրաթերթը 2014թ. օգոստոսի 18-ի համարում միջազգային լրատվություն հատվածի ամբողջ էջը նվիրվեց Ղարաբաղյան հիմնախնդրին, որը վերնագրված էր «Վերաբացված վերքը», իսկ էջի կենտոնում տեղադրված լուսանկարի վրա պատկերված էին առաջին գծում ծառայություն իրականացնող հայ զինվորները:

2014թ. նոյեմբերի 8-ին Բրազիլիայում հավատարմագրված դեսպանությունների կազմակերպած բարեգործական մեծ տոնավաճառին առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ Հայաստանը: Այդ օրը վաճառված հայկական ապրանքատեսականուց (հուշանվեր-գորգեր, հայկական կոնյակ, բազմաթիվ տեսանյութեր ու պորտուգալերենով թարգմանված գրականություն) ստացված հասույթը նպատակաուղղվեց բարեգործությանը:

Հիշատակման է արժանի 2014թ. նոյեմբերի 10-ին Բրազիլիայի նախագահի պաշտոնական նստավայրում` «Պլանալտո» պալատում, տեղի ունեցած Բրազիլիայում հավատարմագրված 32 դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության շրջանակներում իմ առանձնազրույցը Բրազիլիայի նախագահի հետ, որն օգտակար էր եւ խոստումնալից, քանի որ վերջինս դրսեւորեց իր լավ իրազեկվածությունը Հայաստանի, Արցախյան հիմնահարցի եւ հայկական համայնքի վերաբերյալ: Զրույցի ընթացքում նախագահին եմ ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:

Բնական է եւ հասկանալի, որ անցած ժամանակաշրջանը հագեցած է եղել ՀՀ դեսպանի անմիջական պարտականություններց բխող բազմաթիվ կարեւոր հանդիպումներով եւ բանակցություններով: Առաջնահերթություն է տրվել երկկողմ հարաբերությունների զարգացման այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են տնտեսականը, կրթականը, մշակութայինը, իրավապայմանագրայինը եւ այլն:

-Ավանդաբար մենք Լատինական Ամերիկայում ունեցել ենք բավական ամուր եւ կայացած հայ համայնք: Պատմեք Բրազիլիայի հայ համայնքի մասին: Որո՞նք են վերջինիս հուզող խնդիրներն այսօր:

Խոսելով Բրազիլիայի հայ համայնքի մասին` անհրաժեշտ է նշել, որ մեր հայրենակիցների հիմնական զանգվածը բնակվում է Սան Պաուլո քաղաքում: Համայնքը ձեւավորվել է տարբեր ժամանակաշրջաններում երկիր գաղթած հայերից: Հասկանալի է, որ ամենամեծ ներգաղթը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունից հետո:

Համայնքին հուզող հիմնական խնդիրներն են հայապահպանությունը, երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը, մի խոսքով այն ամենը, ինչը բնորոշ է շատ ուրիշ համայնքներին: Այդուհանդերձ, համայնքում գործում են Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ եւ Հայ Ավետարանչական եկեղեցիները, Հայ Առաքելական եկեղեցուն կից «Հայ Ազգային Դուրյան վարժարանը», երկու ռադիոկայաններ, Էլեկտրոնային մի շարք կայքէջեր, Հայկական ակումբը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, ՀՕՄ-ը, ավանդական քաղաքական կուսակցությունները, մի խոսքով` բոլոր այն կառույցները, որոնք բնութագրում են հայկական սփյուռքը: Սան Պաուլոյում գործում է նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսությունը, որի շնորհիվ համակարգվում են համայնքային կառույցների հետ աշխատանքները: Կարեւոր նշանակություն է տրվում հայրենիք-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը:

Առանձնակի կարեւորություն ունի Օզասկո քաղաքի հայ համայնքի պատմությունը: Այն նախկինում հանդիսացել է ՍանՊաուլո քաղաքի շրջան, իսկ 1962թ. առանձնացել եւ դարձել է ինքնուրույն մունիցիպալ ադմինիստրատիվ միավոր: Քաղաքի առաջին ընտրված ղեկավարը եղել է հայ Հիրանտ Սանազարը: Նշեմ, որ Բրազիլիա ներգաղթած հայության առաջին ներկայացուցիչները բնակություն են հաստատել Օզասկոյում, որը հանդիսացել է Սան Պաուլոյի արդյունաբերական, աշխատավորական շրջան: Պատահական չէ, որ հայ մարդուն բնորոշ որակների շնորհիվ, կարճ ժամանակ անց, մեր հայրենակիցները զգալի դերակատարություն են ստանձնել թե՛ Սան Պաուլո քաղաքում եւ թե՛ այլուր: Ի դեպ, այսօր Օզասկոյի բնակչությունը կազմում է մոտավորապես 700 հազար մարդ: Օզասկոն Գյումրիի քույր քաղաքն է, ինչը նույնպես կարեւորվում է ՀՀ դեսպանության կողմից: Մինչեւ այս տարվա ավարտը նախատեսվում է կազմակերպել Օզասկոյի քաղաքապետի պատվիրակության այցելությունը Հայաստան: Քայլեր են ձեռնարկվում` Օզասկոյում եւ Գյումրիում առեւտրատնտեսական պալատների ստեղծման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Բրազիլիայի ապրանքատեսականին ներկայացնող մշտական գործող տաղավարների ձեւավորման ուղղությամբ:

Նշեմ նաեւ, որ շնորհիվ մեր հայրենակիցների հայրենասիրական մղումների` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի մասնաճյուղը 2013թ. նոյեմբերին կայացած ֆոնետոնի ժամանակ հանգանակել է  շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար: Նույն հիմնադրամի կանանց հանձնախումբը 30 հազար ԱՄՆ դոլար է հանգանակել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ջրամատակարարման կարիքների համար:2014թ. ապրիլին «Հայաստան» համահայկական հիմնադրամի բրազիլական մասնաճյուղը քեսաբահայությանն օժանդակելու նպատակով հավաքել է 10 հազար ԱՄՆ դոլար: 2014թ. դեկտեմբերի 13-14-ին Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին նույնպես ակտիվ էին բրազիլահայերը, որոնք հանգանակեցին 50 հազար ԱՄՆ դոլար։

Պարո՛ն դեսպան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ինչպիսի՞ միջոցառումներ են նախանշվում Բրազիլիայում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպելու նպատակով Բրազիլիայում իմ անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքները համակարգող տարածաշրջանային հանձնաժողով, որը ձեռնամուխ է եղել համապատասխան միջոցառումների նախանշմանն ու իրականացմանը: Հանձնաժողովի կազմում ներառված են բոլոր եկեղեցիների առաջնորդները եւ համայնքային կառույցների ղեկավարները: Հանձնաժողովը ստացել է բազմաթիվ առաջարկներ, որոնց քննարկման արդյունքում հաստատվել են ավելի քան երեք տասնյակ ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն ընթացիկ ժամանակաշրջանում:

Ապրիլի 23-ին` Երեւանի ժամանակով ժամը 19:15-ին, հայոց եւ քույր եկեղեցիների զանգերը100 անգամ կղողանջեն: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կկազմակերպվի մեծ միջոցառում: Տեղի կունենան նաեւ պահանջատիրության երթեր:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանությանը առնչվող փաստաթղթեր են ընդունվել Բրազիլիայի մի շարք նահանգային եւ քաղաքային խորհրդարաններում: Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանը 2003թ. մարտի 27-ին,վերաձեւակերպելով իր նախորդ որոշումները, ապրիլի 24-ն անվանվել է «1915թ. Ցեղասպանության զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի հարգանքի օր»:

Վերջին 8 տարիների ընթացքում նմանօրինակ որոշումներ եւ օրենքներ են ընդունել նաեւ Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանը, Սան Պաուլո նահանգի Ամերիկանա, Կամպինաս եւ Սան Ժուզե դու ՌիուՊրետու քաղաքների խորհրդարանները, հյուսիսարեւելյան Սեարա նահանգի Ֆորտալեզա մայրաքաղաքի խորհրդարանը, Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային խորհրդարանը:

2013թ. հունվարի 10-ին Պարանա նահանգի Օրենսդիր ժողովն ընդունել է թիվ 17503 օրենքը, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը սահմանում որպես հայերի հետ համերաշխության օր:

Սան Պաուլոյի քաղաքապետարանի եւ Սան Պաուլոյի համալսարանի հետ համատեղ հայտարարված է մրցույթ բուհական ուսանողության եւ միջին ուսումնական հաստատությունների համար «Thenegation of Armenian Genocide is the violation of the fundamental human rights» խորագրով, որի հաղթողները կարժանանան հատուկ մրցանակների, իսկ լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա այցելել Հայաստան:

Ապրիլի 24-ը ներառող շաբաթվա ընթացքում հայ ժողովրդի եւ Հայոց ցեղասպանության մասին պատմող «TV Record» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի հատուկ թողարկում: Արդեն իսկ նախապատրաստված են Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշներով եւ «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով նամականիշերը, որոնց մարումը տեղի կունենա ապրիլի 24-ին Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի նստավայրում:

2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հայ մեծանուն արվեստագետ Լեոն Կակոֆի անունը կրող Սան Պաուլոյի ավանդական միջազգային ֆիլմերի փառատոնը կնվիրվի Հայոց ցեղասպանությանը:

Հայտնի է, որ դիվանագետի աշխատանքը ծայրահեղ ժամանակատար է, եւ անձնական կյանքը հիմնականում մղվում է երկրորդ պլան: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ձեր ընտանիքի անդամները: Պատմեք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Ի պատասխան Ձեր հարցին, կարող եմ վստահեցնել, որ դեսպանի աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում դրական դեր են կատարում ամուսինները: Պատահական չէ, որ հյուրընկալ երկրներում, որպես կանոն, ակտիվ են դեսպանների կանանց միությունները, որոնց ջանքերը միտված են տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը: Այս առնչությամբ ես շնորհակալ եմ իմ տիկնոջը` ոչ միայն աջակցելու համար իմ աշխատանքներին, այլ նաեւ այն աշխատանքների համար, որ նա իրականացնում է կանանց միության կազմում:

Ես ունեմ երեք զավակ, որոնցից երկուսն ապրում եւ աշխատում են Երեւանում, իսկ կրտսեր տղաս սովորում է Բրազիլիայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նրանք ոչ միայն քաջ գիտակցում են իմ աշխատանքի կարեւորությունը, այլ նաեւ հնարավորինս սատարում են ինձ:

Վերջին հարցն ավանդական է դարձել մեր դեսպանների հետ հարցազրույցներում: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Դիվանագիտությունը հնագույն մասնագիտություններից մեկն է, որն ունի իր դասական ձեւակերպումն ու գնահատականը: Անհրաժեշտ է բոլոր գործողություններում դրսեւորել պետականամետ մտածողություն` դրան ստորադասելով անձնականը: Լավագույն խորհուրդը` հավատարիմ մնալ ընտրած մասնագիտությանը եւ շարունակաբար կատարելագործել թե՛ գիտելիքները եւ թե՛ անձնական որակները: Դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին խորհուրդ կտամ նշանաբան դարձնել Սողոմոն Իմաստունի խոսքերը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Կենսագրությունը

Ծննդյան տարեթիվն ու վայրը`

Ծնվել է 1956թ. հունիսի 9-ին, Վանաձոր քաղաքում:

Կրթությունը`

1979թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը` գերազանցության դիպլոմով:

1985թ. պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի կոչումը:

Աշխատանքային գործունեությունը`

1979-1982թթ. Երեւանի պետական համալսարանի ռեկտորի օգնական

1982-1985թթ. Երեւանի պետական համալսարանի ՀԼ ԿԵՄ քարտուղար

1985-1987թթ. Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս

1987-1988թթ. IREX հիմնադրամի ծրագրով ԱՄՆ-ի Միչիգանի եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարաններում հետազոտող գիտաշխատող եւ դասախոս

1988-1993թթ. Երեւանի պետական համալսարանի Քաղաքական պատմության ամբիոնի դոցենտ

1993-1995թթ. «Ֆուլբրայթ» հիմնադրամի ծրագրով ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագիտության եւ արդի պատմության ամբիոնների պրոֆեսոր

1995-1997թթ. Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պատմության ֆակուլտետի եւ Մերձավոր արեւելյան հետազոտությունների կենտրոնի հրավիրված դասախոս

1997-2006թթ. Երեւանի Հր. Աճառյանի անվան համալսարանի պրոֆեսոր

1997-2006թթ. Երեւանի պետական համալսարանի դոցենտ

1999-2003թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ

2001-2003թթ, Եվրոխորհրդի Պատգամավորական Վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ

2003-2006թթ. ԳՌԵԿՕ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար /Եվրոխորհուրդ

2003-2006թթ. ՀՀ ԱԳ նախարարության աշխատակազմի խորհրդական

2006- 2012թթ. Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը Վարշավա/

2006թ.-2014թ. հունվար Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

2014թ. հունվարից Բրազիլիայի դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Օտար լեզուներ`

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, լեհերեն

Ամուսնական կարգավիճակը`

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. ԱՐմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան