Լրատվամիջոցները զենք են դարձել, որը կարելի է կիրառել «ե՛ւ լավ, ե՛ւ վատ ձեւով»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Եկավ ժամանակը, երբ բոլորս խոստովանեցինք, որ բառը, տեսախցիկը, լուսանկարը, համացանցը եւ տեղեկատվությունն ընդհանրապես զենքի, զինված ուժերի եւս մեկ տեսակ են դարձել: Այդ զենքը կարելի է կիրառել ե՛ւ լավ, ե՛ւ վատ ձեւով»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ զենքը «տարբեր տարիների մասնակցություն է ունեցել Ռուսաստանի ե՛ւ պարտությունների, ե՛ւ հաղթանակների մեջ»:

Շոյգուն կարծում է, որ լրատվամիջոցները սկսել են «իրենց մեջ շատ ու շատ բան միավորել»: Միաժամանակ, նրա խոսքով, լրատվամիջոցները կարող են «շատ ցավոտ վիրավորել»:

«Այսօր, ցանկության դեպքում, վատ ձեռքերում այն դառնում է միաժամանակ ե՛ւ հետաքննություն, ե՛ւ դատախազ, ե՛ւ դատավոր, ե՛ւ դահիճ: Չէի ցանկանա, որպեսզի մենք աստիճանաբար դառնանք այնպիսին, ով այդ զենքը կիրառում է ամենաբացասական նպատակներով»,- հայտարարել է Սերգեյ Շոյգուն: