Ապրիլի կեսերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մամուլին կներկայացնի նոր ցուցահանդես: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

2500 քառ. մետր տարածքով ցուցասրահն արդեն լիովին պատրաստ է, իսկ ցուցադրության համար պատրաստվել է մի քանի հազար փաստաթուղթ, որոնք հավաքվել են 7-8 տարիների ընթացքում։ Նրանց մի մասը կցուցադրվի օրիգինալ տարբերակով, իսկ մյուս մասը՝ էլեկտրոնային։ Մի հատվածն էլ վերատպվել է պաստառների վրա։ «Մանրամասն դուք կարող եք տեսնել 2 շաբաթից։ Մենք կարծում ենք, որ ցուցադրությունն իրոք կտպավորի հանդիսատեսին իր մասշտաբներով»,- ասաց Դեմոյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն էին կատարել սրահի վերանորոգման համար։

Նշենք, որ խոսքը հավանաբար Օսմանյան Թուրքիայում հայ գործարարներին եւ փաստաթղթերով նրանց պատկանող սեփականությունը ներկայացնող ցուցահանդեսի մասին է։ Առաջիկա ցուցահանդեսի մասին NEWS.am-ին հայտնեց նախագծի գործընկերներից մեկի՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։