ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ով զեկուցել է նաեւ Ակադեմիայի 2014թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ 2014թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթեւոսյանը:

Տարեկան ժողովում ներկայացվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրները» զեկույցը՝ պատրաստված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Գագիկ Ղազինյանի, Աշոտ Մելքոնյանի եւ Ռուբեն Սաֆրաստյանի կողմից: