Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանի հետ քննարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի իրականացման ուղղությամբ ՀՀ ՊՆ իրավասության շրջանակում կատարվող աշխատանքները:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 3-ին, կայացած հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել զինված ուժերում կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման եւ իրավունքների պաշտպանության ոլորտում նաեւ ՆԱՏՕ-ի փորձի ուսումնասիրության եւ այս ուղղությամբ համագործակցության խորացման վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ ՊՆ-ն պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում սեփական փորձը եւս ներկայացնել գործընկեր պետություններին: Նա հավելել է, որ ՀՀ ՊՆ կողմից որդեգրած քայլ առ քայլ քաղաքականությունն իրեն արդարացնում է, որի ցուցիչներից են կանանց ներգրավումը պաշտպանական քաղաքականության ձեւավորման գործընթացում, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի կուրսանտների թվի աստիճանական աճը: Շեշտվել է, որ այս ուղղությամբ զարգացումների արդյունքում կդիտարկվի նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ՀՀ ստորաբաժանումների կազմում կին զինծառայողների ընդգրկման հնարավորությունը:

Դեսպան Շուրմանն իր հերթին նշել է, որ ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերի արդյունավետությունը տեսանելի է, ինչին նպաստում է նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ ՀՀ ՊՆ բաց ու կառուցողական աշխատանքը: Նա պատրաստակամություն է  հայտնել քայլեր ձեռնարկել այս ոլորտում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող աշխատանքներին ՀՀ ՊՆ ներկայացվածության մեծացման ուղղությամբ:

Դեսպան Մարիետ Շուրմանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է նաեւ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի զինծառայող կանանց հետ: Քննարկվել են ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձեւի կիրարկման միջազգային փորձի, զինված ուժերում կանանց դերի, նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր:

Հանդիպումներից հետո պատվիրակությունն ուղեւորվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավար կազմի, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատություններում ուսանող իգական սեռի կուրսանտների հետ: Դեսպանի խնդրանքով կուրսանտները ներկայացրել են պրոֆեսիոնալ զինվորական ծառայության անցնելու իրենց պատմությունները, պատմել, թե ինչպես են ընտանիքները եւ շրջապատն արձագանքել զինված ուժերի հետ կյանքը կապելու իրենց որոշումներին, ընդգծել են հասարակության մեջ իգական սեռի կուրսանտների նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Կուրսանտների խնդրանքով պատվիրակության անդամներն էլ համառոտ ներկայացրել են իգական սեռի համար ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու եւ զինվորական ծառայության անցնելու միջազգային փորձը: