Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացմանը: Այն միակն է տարածաշրջանում եւ կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները եւ մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները կանցկացնեն վարպետության դասեր եւ համերգներ՝ պայմաններ ստեղծելով հայ տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ երաժիշտների միջազգային առաջխաղացման համար:

Նախաձեռնության հեղինակները ակադեմիայի բացմանը մասնակցող հյուրերին պարզաբանել են կրթօջախի կառուցման վայրի ընտրության գաղափարը, նշելով, որ նման ակադեմիաներ սովորաբար հիմնվում են մայրաքաղաքից դուրս` ապահովելու համար քաղաքի եռուզեռից հեռու ստեղծագործական պայմաններ:

Պատասխանատուների խոսքով, հեղինակավոր երաժշտական փառատոնին կից ակադեմիաների հիմնումը նորություն չէ, այլ ամբողջ աշխարհում ընդունված երեւույթ: Հայտնի են Վերբիեում, Էդինբուրգում, Քրոնբերգում, Բրյուսելում եւ այլուր գործող ակադեմիաները, որոնց բոլորին միավորում է երիտասարդ սերնդի երաժիշտ-կատարողներին բարձրակարգ երաժշտական մասնագիտական հմտությունների փոխանցման գաղափարը` հատուկ միջավայրում: Բյուրականը` որպես ակադեմիայի հիմնման վայր է ընտրվել մի քանի պատճառներով. այն ակադեմիական բնակավայր է, որտեղ 1947թ-ից գործում է աստղաֆիզիկական աստղադիտարանը: Այստեղ են գտնվում պատմության հոգեւոր արժեք ներկայացնող մի շարք կոթողներ, ինչպիսիք են Սբ. Հովհաննես բազիլիկ եկեղեցին, Դղերի վանքը, Կաթողիկոսական նստավայրը, Արտավազիկ եկեղեցին, հեռու չեն Ամբերդը, ֆիզիկայի ինստիտուտը եւ այլ գիտական ու կրթական կարեւորություն ունեցող վայրեր:

Առաջին միջոցառումը, որ տեղի կունենա Բյուրականի ակադեմիայում,  ս.թ. ապրիլի 11-13-ը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթացն է` «Փառատոնային ընթերցումներ» խորագրով: Դասախոսությունները նպատակ ունեն հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարեւորությունը հասարակության մշակութային կյանքում եւ արվեստի զարգացման գործում:

Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաեւ կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով եւ միջազգային փորձով:

Սերժ Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, «Բյուրական» արվեստի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանի, դաշնակահար Եվգենի Կիսինի, տարածքային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների եւ այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց ակադեմիայում, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին, ծրագրերին, այնուհետեւ ունկնդրել է տաղանդաշատ պատանի երաժիշտների մասնակցությամբ տեղի ունեցած համերգը: Այդ պատանիներին փառատոնն արդեն ընգրկել է միջազգային մեծ բեմերում կայանալիք համերգների ծրագրում: Շնորհակալական խոսքեր են հնչել ակադեմիայի բարերարների հասցեին, որոնց թվում են՝ «Փյունիկ» հիմնադրամը, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը:

Ակադեմիայի բացման առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրվել է «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված ոսկե մեդալով՝ փառատոնի կայացման գործում մեծ ներդրման եւ աջակցության համար:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ նորաբաց կառույցի հարեւանությամբ գտնվող խորհրդային տարներին կառուցված Բյուրականի մշակույթի տուն, որն ապագայում կգործի իբրեւ շուրջ 800 մարդու համար նախատեսված մեծ համերգասրահ: