Մեկ դար անց Թուրքիան պետք է առանց հետագա հապաղման ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գրում է հոնդուրասական El Heraldo պարբերականը։

Դրա ժամանակը վաղուց է եկել. մի ամբողջ դար է անցել Թուրքիայի տարածքում թուրքական իշխանությունների կողմից նախապատրաստած իրադարձություններից հետո, որին զոհ գնացին 2 մլն անզեն խաղաղ հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ եւ ծերունիներ, գրում է պարբերականը՝ շարունակելով հոդվածը.

«Հիշատակի արարողությունները կընթանան Երեւանում եւ Ցեղասպանության հետեւանքով աշխարհասփյուռ հայկական  համայնքներում։ Բազմաթիվ կոնֆերանսները, հիշատակի երեկոներն ու ցուցահանդեսները կպատմեն 19-րդ դարի վերջից սկսված եւ մինչեւ 1923թ. շարունակվող ողբերգությունների մասին։

Տարբեր գնահատականներով՝ 19-րդ դարի վերջին Օսմանյան Թուրքիայում ապրում էր մոտ 3 մլն հայ։ Այսօր այնտեղ ապրում է 30 հազարը։ Պատմական Հայաստանի զգալի հատվածը այսօր Թուրքիայի մաս է կազմում։

Ընդմիշտ ոչնչացվեցին բազմաթիվ հուշարձաններ, եկեղեցիներ, վանքեր ու գերեզմաններ։ Աբդուլ Համիդ 2-րդը, իսկ այնուհետ Թալեաթը ցանկանում էին ոչնչացնել հայերի մասին ցանկացած հիշատակում, ամեն բան, ինչ այդ ազգը ստեղծել էր երկրի երեսին։ Սակայն պատմությունը հնարավոր չէ ո՛չ ջնջել, ո՛չ էլ հերքել։ Կործանված եկեղեցիներն ու պղծված գերեզմանները, խանձված հողերն ու կտոր-կտոր արված տապանաքարերը ոչ ոք չի կարող մոռացության մատնել, ինչպես դա փորձում են այսօր անել ոմանք։

Ինչպես Գերմանիան ժամանակին ճանաչեց նացիստների հանցագործություններն ու 6 մլն հրեաների Հոլոքոստը, այնպես էլ այսօրվա Թուրքիան պետք է համարձակություն ունենա առերեսվել իր անցյալին։ Թուրքերի պատասխանատվությունը չես թաքցնի, այնպիսի  պատրվակների ու բացատրությունների տակ, ինչպես անում են թուրքական իշխանությունները՝ հայերին մեղադրելով Թուրքիայի թշնամիներին օգնելու եւ հայերին նրանց կողմից իբրեւ «5-րդ շարասյուն» օգտագործելու մեջ։

Երիտթուրքերի հիմնած ժամանակակից Թուրքիան զգուշորեն է վերաբերվում ազգային փոքրամասնությունների՝ հայերի, քրդերի, հույների իրավունքերին։ Եվ Թուրքիայի ժամանակակից առաջնորդները, թվում է, ի վիճակի չեն քայլ առաջ անել եւ վերջ դնել դարավոր ցավին։ Ընդհակառակը, Անկարայի իշխանությունները որոշել են անազնիվ եւ ճղճիմ ճանապարհով փորձել շեղել ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակից՝ այդ ամսաթիվը հարմարեցնելով Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի միջոցառումներին։

Սակայն այդ հնարքը ոչ մի ազդեցություն չունեցավ միջազգային  հանրության վրա։ Հայաստան կայցելեն բազմաթիվ միջազգային պատվիրակություններ։ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները ի թիվս այլ առաջնորդների կժամանեն Երեւան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։