Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում այսօր՝ ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Նախ Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամմատոն ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը եւ սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն:

«Նա իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեկցության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկութունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են եւ պարզ ժողովրդի, եւ խորիմաց աստվածաբանների կողմից: Նրա տեւական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխծգործոցի՝ Մատյան ողբերգության հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ եւ որը ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է»,- ասաց կարդինալը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Ցեղասպանության ողբերգության մեջ եւս Նարեկացին հանդես է եկել որպես հույսի եւ խաղաղության կերտող:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դրանից հետո հայտարարեց, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների եւ հավատացյալների խնդրանքը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արեւելքից:

Նշենք, որ պատարագին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: