Ռուսաստանն ու Հունաստանը պլանավորում են համաձայնագիր ստորագրել, որի շրջանակներում Մոսկվան Աթենքին մինչեւ 5 մլրդ եվրո կվճարի «Թուրքական Հոսք» գազատարի  շինարարության համար։ Համաձայնագիրը պլանավորվում է ստորագրել ապրիլի 21-ին, գրում Spiegel-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ գործարքը քննարկվել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հանդիպման ժամանակ։

Հունական  «Ագորա» թերթի տեղեկություններով՝ Հունաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ կնքած գործարքին։ Աթենքը հույս ունի ռուսական տրանշի միջոցով հետաձգել Եվրամիության հետ պարտքերի շուրջ բանակցությունները։

Ապրիլի 7-ին Հունաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Հունգարիայի եւ Թուրքիայի արտգործնախարարները հաստատել էին մասնակցել «Թուրքկաան հոսք» գազատարի շինարարությանը մասնակցելու իրենց ցանկությունը, հայտնում է Lenta.ru-ն։

Այս նախագիծը այլընտրանքային է դարձել  «Հարավային հոսքի» համար, որից հրաժարվել էր Ռուսական «Գազպրոմը»։