Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ֆրանսիական France 24 հեռուստաալիքը ողջ օրը հայ ազգին, նրա պատմությանն ու մշակույթին նվիրված հատուկ ծրագիր կթողարկի ողջ օրվա ընթացքում։

«Սա դարի առաջին ցեղասպանությունն է, որին հետեւեցին մյուսները։ 1915թ. ապրիլից 1916թ. հունիսը Թուրքիայում ապրող հայերի գրեթե 2/3-րդը զանգվածային ջարդերի եւ տեղահանությունների զոհ դարձավ։ 100 տարի անց Թուրքիան, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, դեռեւս չի ճանաչել այդ ցեղասպանությունը»,- ասված է France 24-ի անոնսում։

Կհեռարձակվեն այդ նպատակով ամիսների ընթացքում պատրաստված ռեպորտաժներ Հայաստանի եւ Երեւանի մասին: Մեծ տեղ կհատկացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաղորդումներին եւ քննարկումներին, կներկայացվի հայոց պատմությունը եւ հայկական մշակույթը: Կցուցադրվի նաեւ Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ ռեպորտաժ. լրագրողները կհետեւեն վերջիններիս առաջին այցելությանը դեպի Հայաստան:

Բացի այդ,«France 24»-ի եթերում օրվա ընթացքում պարբերաբար ուղիղ հեռարձակմամբ կլուսաբանվի Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային արարողությունը եւ Ֆրանսիայում հիշատակի միջոցառումները: