Հայկական ազգային մտածելակերպն ինձ ուժ է տվել բարձունքների հասնել այս կյանքում: Ես միշտ Հայաստանի կողքին եմ: Դա այն է, ինչ ես արել եմ, անում եմ ու անելու եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գավաթակիրների Գավաթի և Ուեֆայի Գավաթի հաղթող, պատմության ամենահայտնի հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:

Պարոն Ջորկաեֆ, աշնանը Դուք ասացիք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվում եք այցելել Հայաստան: Ապրիլի 24-ին կլինե՞ք Երեւանում:

Իմ օրակարգը դեռ լիովին կազմված չէ, բայց ես անում եմ ամեն բան, որպեսզի ապրիլի 24-ին լինեմ Երեւանում:

Դուք աշխարհի ամենահայտնի հայերից մեկն եք, միշտ հպարտությամբ պատմում եք Հայաստանի մասին, բայց միայն կիսով չափ եք հայ: Ինչո՞վ եք բացատրում Ձեր այդքան կապվածությունը Հայաստանի հետ:

Արյամբ ես հայ եմ: Ծնողներս ծնվել են Ֆրանսիայում, տատիկս ու պապիկս՝ Հայաստանում: Ես մեծացել եմ Լիոնում, որտեղ կա հայկական մեծ համայնք: Մենք մեծացել ենք հայկական միջավայրում, դաստիարակվել հայկական փիլիսոփայությամբ եւ շատ երջանիկ էինք: Ինձ միշտ շատ հաճելի է խոսել իմ հայրենիքի մասին: Շատ հպարտ եմ, որ իմ մեջ հոսում է հայկական արյուն եւ որ ծնվել եմ Ֆրանսիայում:

Ի՞նչ հայկական ավանդույթներ եք պահպանել Ձեր ընտանիքում:

Իմ հարսանիքը եղել է հայկական ավանդույթներով՝ հայկական եկեղեցում: Երեխաներս մկրտվել են հայկական եկեղեցում: Մենք միշտ ձգտել ենք պահպանել ավանդույթները: Հայկական ազգային մտածելակերպն ինձ ուժ է տվել հասնելու բարձունքների այս կյանքում: Դա ինձ համար շատ կարեւոր է:

Մի անգամ ասացիք, որ ընտանիքում շատ եք օգտագործում հայկական բառեր եւ արտահայտություններ: Օրինակ որո՞նք:

Երբ տատիկս ու պապիկս մահացան, մենք ձգտում էինք շփվել հայերենով: Մայրս լավ տիրապետում է հայերենին: Հայերենի հնչողությունն ինձ տեղափոխում է իմ մանկություն: Ես հասկանում եմ հայերեն: Եթե Դուք ինձ հետ դանդաղ խոսեք, ես կհասկանամ, բայց երբ արագ ենք խոսում, արդեն չեմ հասկանում:

Առաջին անգամ Հայաստան եկաք 1999-ին Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ, իսկ 2011-ին` նախագահ Նիկոլյա Սարկոզիի: Ի՞նչ տպավորություններ ստացաք Հայաստանից:

Դա հիանալի էր: Երբ ես եկա, բոլոր մարդիկ շատ բարի էին իմ հանդեպ: Ինձ բոլորը ասում էին, որ ես լեգենդ եմ: Ես ապշած էի: Զգում էի հայ ժողովրդի էներգիան: Փողոցում զբոսնում էի, մարդիկ մոտենում էին, գրկում, համբուրում եւ ասում, որ շատ երջանիկ են նրանով, թե ինչ եմ ես անում իմ կարիերայում եւ Հայաստանի համար: Ես երբեք դա չեմ մոռանա:

Պահպանո՞ւմ եք կապը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայ համայնքների հետ:

Այո, եւ՛ Ֆրանսիայում, եւ՛ Նյու Յորքում որտեղ ապրում եմ: Երեխաներս Ֆրանսիայում հաճախում են հայկական ճամբարներ: Նրանք մեծանում են հայկական միջավայրում, ինչպես որ ժամանակին ես: Ես միշտ հետեւում եմ հայ համայնքի գործունեությանը: Մենք ցանկանում ենք մեր պատմությունը կիսել բոլորի հետ:

Այս տարի լրանում է Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Կարծում եք՝ ինչ-որ բան կփոխվի՞ 2015-ից հետո, թե ամեն բան կրկին կընթանա առաջվա նման:

Նախորդ շաբաթ Հռոմի պապը Վատիկանում ամբողջ աշխարհի առջեւ խոսեց Հայոց ցեղասպանության մասին:: Կարեւոր է նաեւ այն, որ բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են Ցեղասպանության եղելությունը: Արդեն շատ մարդիկ հնարավորություն ունեն իմանալու այն մասին, թե ինչ է պատահել հայերի հետ նախորդ դարի սկզբում Թուրքիայում: Ժամանակ կպահանջվի, որպեսզի Անկարան նույնպես ընդունի Ցեղասպանությունը: Կարեւորն այն է, որ արդեն աշխարհն է ընդունում այդ փաստը, դա կարեւոր է քաղաքակրթության համար:

Հայաստանն ու Թուրքիան վեց տարի առաջ մոտ էին սահմանները բացելուն, սակայն Թուրքիան նախապայմաններ դրեց՝ մոռանալ ցեղասպանության փաստը եւ զիջումների գնալ ղարաբաղյան հարցում: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան տնտեսական ճգնաժամի եւ շրջափակման պայմաններում:

Մենք միշտ պետք է կանգնենք մեր ասածի վրա: 20 տարի առաջ Թուրքիայում ոչ ոք չէր արտասանում «ցեղասպանություն» բառը, իսկ այժմ երիտասարդ սերունդն արդեն խոսում է այդ մասին: Թուրքիայում շատ մարդիկ հասկանում եւ ընդունում են, եթե նրանք ցանկանում են լինել ուժեղ ազգ, ապա պետք է ընդունեն նախնիների` անցյալում կատարած սխալները: Ես վստահ եմ, որ մի օր Թուրքիան կընդունի հայոց ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական վիճակին, ապա վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի: Եղեռնի 100-րդ տարելիցը լավ ուժեղ առիթ է բոլորիս համար ցույց տալու, որ մենք Հայաստանի կողքին ենք: Եվ ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանութունը:

Այժմ քաղաքական քննարկումների ժամանակը չէ: Այժմ հիշելու ժամանակն է: Մենք նշում ենք տխուր առիթ: Կարեւոր է, որպեսզի բոլոր երկրները ու ղեկավարները լինեն Հայաստանի կողքին:

Ասում են՝ պետք չէ խառնել սպորտը քաղաքականության հետ, բայց Դուք առաջիններից էինք, որ սպորտի միջոցով ցույց տվեցիք Ձեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Առաջին անգամ 1994-ին, երբ գրավեցիք թուրքական «Գալաթասարայի» դարպասը, ասացիք, որ դա Ձեր պատասխանն է Հայոց ցեղասպանությանը, իսկ հետո էլ 2000-ին հրաժարվեցիք մասնակցել Թուրքիա – Ֆրանսիա ընկերական հանդիպմանը: Ստացվում է՝ սպորտը մեծ ուժ է իրենից ներկայացնում:

Սպորտը մարդկանց միավորելու ամենամեծ ուժն է: Եթե ցանկանում եք Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարցեր լուծել, ապա դա կանի ֆուտբոլը: Իսկ եթե խնդիրներ էլ մնան, ապա միայն խաղադաշտի շրջանակում: Մենք պետք է ավելի մեծ տեղ տանք սպորտին: Հայաստանի ազգային հավաքականը լավ դեսպան է այս հարցում: Երբ Հայաստանը հիանալի հանդես եկավ Դանիայում, կամ Իռլանդիայում ու Պորտուգալիայում, մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ինչ երկիր է Հայաստանը: Ես ինքս հրաժարվեցի խաղալ Թուրքիայում: Դա իմ որոշումն էր, իմ բողոքը: Ցանկանում էի, որ ոչ միայն ես, այլ մյուս բոլոր մարդիկ մտածեին այն մասին, թե ինչ է եղել հայերի հետ: Իսկ մարդկանց կարծիքի վրա յուրաքանչյուր հայ կարող է ազդել՝ ամեն օր  օգտակար բան անելով այդ ուղղությամբ:

Եթե ապրիլի 24-ին գաք Հայաստան, ընտանիքի հե՞տ եք գալու:

Ցավոք, ոչ: Ես նախատեսում էի նրանց հետ գալ, բայց չի ստացվում: Ավագ որդիս եղել է Հայաստանում, գնացել է Լեռնային Ղարաբաղ: Վերադարձավ շատ ուրախ եւ լցված հայկական ոգով:

Չենք կարող չխոսել նաեւ ֆուտբոլի մասին: Հավանաբար գիտեք, որ հայ երկրպագուների մեծամասնությունը երազում է, որ Դուք գլխավորեք Հայաստանի հավաքականը: Ի՞նչ պայմանների դեպքում Դուք կհամաձայնեք այդ առաջարկին:

Ես նույնպես երազում եմ մի օր գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Բայց դա իմ ձեռքում չէ: Եթե վաղը ես այդպիսի հրավեր ստանամ, լուրջ կմտածեմ այդ ուղղությամբ:

Դուք այժմ զբաղված եք ԱՄՆ-ում մանկական ֆուտբոլի զարգացման ծրագրերով: Նախատեսո՞ւմ եք ծավալել մարզչական գործունեություն:

Այո, ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

Հետեւում եք Հայաստանի ազգային հավաքականի խաղերին: Ո՞ւմ կառանձնացնեք մեր թիմում:

Այո, հետեւում եմ: Գիտեմ Յուրա Մովսիսյանին, նրա հետ հանդիպել ենք ԱՄՆ-ում: Մխիթարյանին գիտեմ: Մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, աճել է շատ լավ սերունդ, պետք է գնահատել դա: Հայաստանը փոքր երկիր է: Միշտ չէ, որ հաջողվում է ունենալ տաղանդավոր սերունդ եւ մենք իրավունք չունենք բաց թողել Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն դուրս գալու յուրաքանչյուր հնարավորությունը:

Ո՞վ է մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

Ես մշտապես ընտրում եմ Մեսսիի ու Ռոնադլուի միջեւ: Մի օր դա Մեսսին է, մյուս օրը՝ Ռոնալդուն:

Ի՞նչ կմաղթեք հայ ժովորդին:

Ես շատ եմ գնահատում ու սիրում իմ ժողովրդին: Ուզում եմ, որ Հայաստանն իմանա, որ նա երբեք միայնակ չի լինի: Ես միշտ կլինեմ իմ հայ ժողովրդի կողքին: Դա այն է, ինչ ես ցանկանում եմ անել, արել ու  անելու եմ:

Վերա Մարտիրոսյան Vera&Football