Եվրախորհրդարանի սոցիալիստների եւ ժողովրդավարների քաղաքական խումբը դատապարտում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների եւ ցեղասպանությունների բոլոր դեպքերը եւ վճռականորեն դատապարտում է դրանք ժխտելու բոլոր փորձերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Սիլվի Գիյոմը:

Նրա խոսքով Եվրախորհրդարանի բանաձեւն ընդունվել է շատ առանցքային պահի: «Բանաձեւի ուղերձը պարզ է՝ ոչ միայն կոչ անել Թուրքիային օգտագործել Ցեղասպանության 100-րդ տարելիցը իր անցյալի հետ հաշվելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար, այլեւ կոչ անել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես ամբողջությամբ պաշտպանում եմ այդ ուղերձը»,-ընդգծել է Սիլվի Գիյոմը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը եւ կոչ անում Թուրքիային շարունակել Հայաստանի հետ հաշտվելու ճանապարհը: